Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնագծում ռեալ պատերազմական գործողություններ են ընթանում»

Սեպտեմբեր 02,2015 14:03

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի գնահատմամբ, Արցախը թևակոխել է պետական շինարարության փուլ և այդ գործընթացում ունի հաջողություններ:

«Իրականում, ընդհանուր առմամբ, հայկական անվտանգությունը սկսվում է հենց Արցախի առաջնագծից, ես կասեի նույնիսկ, որ եվրոպական քաղաքակրթության առաջնագիծն է դա, որովհետև Արցախը նույնպես պատկանում է եվրոպական ընտանիքին։ Այսօրվա դրությամբ արցախցիներն ու բոլոր հայերը դա անում են պատվով, հույս ունեմ, որ ապագայում կլինի ճանաչված պետություն ու կունենանք մեկ միասնական Հայաստան»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Թեւան Պողոսյանը:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը, պարոն Պողոսյանն ասաց՝ կարգավորման հեռանկարը հետևողական քայլերից է կախված. «Եթե մենք կարողանանք Հայաստան-Սփյուռք-Արցախ ստեղծենք հզոր տնտեսություն, բնականաբար հեռանկարները լինելու են հայանպաստ։ Եթե չկարողանանք ինքներս մեր առջև դրված խնդիրները ապահովենք՝ չունենանք հզոր բանակ, ժողովրդավար երկիր, ուժեղ տնտեսություն, կունենանք դժվարություն մեր շահերը առաջ տանելու։ Այսօրվա դրությամբ Արցախում արվող քայլերը նպաստում են նրան, որ Արցախը օրեցօր ավելի գտնի իր միջազգային ճանաչումը, թեև հիմա տարբեր երկրների մարզերի կամ անհատների տեսքով, բայց պետք է գիտակցել, որ տարեցտարի և միջազգային տուրիզմն է այնտեղ ավելանում, և ներքին տուրիզմը, դրա հետ միասին Արցախը սկսում է իր տնտեսությունը զարգացնել»:

Նրա խոսքով, պատերազմը չի ավարտվել, իսկ առաջնագծում ռեալ պատերազմական գործողություններ են ընթանում.«Պետք է թույլ չտանք, որ ռազմական դաշտում անհաջողություններ ունենանք, այսօրվա դրությամբ մեր բանակը լիարժեք կատարում է։ Սա ճանապարհ է հարթում, որ դիվանագիտությունն աշխատի։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծումը կլինի այն ժամանակ, երբ որ արցախցիների ու միջազգային հանրության շահերը համընկնեն այն հարցում, որ պետք է խաղաղություն լինի տարածաշրջանում։ Մենք պետք է լինենք կայուն, գուցե դրա համար պետք է սպասենք ինչ-որ ժամանակ՝ կլինի 20 տարի, 40 թե 70, բայց գալու է մի ժամանակ, որ բոլորը գիտակցելու են»:

Պարոն Պողոսյանը վտանգավոր դրույթ չի համարում Սահմանադրության նախագծում տեղ գտած այն դրույթը, ըստ որի ՀՀ տարածքային ամբողջականության հարցը հանրաքվեով է լուծվելու: Նրա խոսքով, այդ դրույթը կարելի է օգտագործել Արցախի ու ՀՀ միավորման դեպքում.

«Հակված եմ մտածելու, որ մենք պետք է օգտագործենք այդ դրույթը մեր հասարակության համար: Կան կարծիքներ, թե այդ դրույթը արվել է Հայաստանը Ռուսաստանին միացնելու համար, ես ուզում եմ հիշեցնել Վրաստանի ու Ուկրաինայի դեպքերը, դա ապացույց էր, որ հանրաքվեն Ռուսաստանի դերակատարում չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930