Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը վերջնական տեսքի է բերել նոր Սահմանադրության նախագիծը՝ մի հետաքրքիր խմբագրում կատարելով։ Խոսքը վերաբերում է 204-րդ հոդվածին, որով նախատեսվում է համաժողովրդական քվեարկության դնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցը։ Այս թեզը ակտիվորեն պաշտպանվեց իշխող կուսակցության ներկայացուցիչների եւ հատկապես «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից։ Ավելին՝ վերջինիս ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իրենց կուսակցությանը վերագրեց այս մտահղացումը ու սկսեց հպարտորեն ի լուր աշխարհի գովերգել այդ քայլը։ Ուշագրավ է, որ ո՛չ «Հայեցակարգում», ո՛չ հուլիսին հրապարակված «Նախագծում» այդպիսի ձեւակերպում չկար, եւ փոփոխությունը կատարվել է, այսպես ասած, վերջին պահին։
Այս կապակցությամբ ՀՀԿ-ականներից Հովհաննես Սահակյանը համոզված պնդում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է եւ այդ հարցով ցանկացած մտավախություն անհեթեթություն է։ Ըստ նրա՝ «Մենք ո՛չ մտադիր ենք, ո՛չ էլ պատրաստվում ենք, ո՛չ էլ ցանկություն ունենք որեւէ մի բան զիջելու որեւիցե մեկին»։
Պատկերացնում եք, եթե ՀՀԿ-ն մտադիր լինի կամ էլ նվազագույն ցանկություն ունենա, հապճեպորեն կարող է դիպչել տարածքային ամբողջականությանը, բայց, փառք Աստծո, որ իրենց բարեհաճությամբ նրանք դեռեւս այդպիսի ցանկություն չունեն։
Հարկ է սակայն նկատել, որ ՀՀԿ-ի հավաստիացումներին մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ լուրջ վերաբերվել։ Անվիճելի է, որ ՀՀԿ-ականները մինչեւ Սերժ Սարգսյանի «հորդորը», միաբերան արտահայտվում էին նախագահական համակարգի արդյունավետության օգտին՝ խստագույնս սեւացնելով խորհրդարանական կարգերն ու դրանց ջատագովներին։ Այսօր, սակայն, նրանք միանգամայն հակառակ կեցվածքն են որդեգրել։ Այնպես որ, երբ ՀՀԿ-ն այսօր խոստանում է չդիպչել ՀՀ տարածքային ամբողջականությանը, նույն փութաջանությամբ վաղը համոզելու է, որ զիջումները բխում են Հայաստանի շահերից։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում