Ռուսաստանում դաժան ծեծի հետեւանքով սպանվել է ազգությամբ հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանը։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ռոստովի մարզի Սինյաեւսկոյե գյուղում։
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով, 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանն իր հոր՝ 45-ամյա Սերգեյ Խլղաթյանի հետ հարբած վիճակում նստել է իրեն պատկանող «Ford Focus» ավտոմեքենան եւ չկարողանալով վարել, բախվել է կայանատեղիում գտնվող ավտոմեքենաների, որոնց տերերը եկել էին նշելու գյուղի հիմնադրման օրը։ Խլղաթյանը վնասել է 5 ավտոմեքենա, որոնց զայրացած տերերը անմիջապես հարձակվել են վարորդի վրա եւ սկսել դաժանաբար ծեծել։ Հայրը փորձել է փրկել որդուն, սակայն չի հաջողվել։ Գլխին ստացած հարվածներից Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է գիտակցությունը եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Հեռախոսազրույցում Սինյաեւսկոյեի գյուղապետ Վլադիմիր Դյուժիկովը հայտնեց, որ Ռաֆայելը բնակվում էր Դոնի Ռոստով քաղաքում եւ այդ օրն այցելել էր ծնողներին։
– Վլադիմիր Վասիլեւիչ, ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել։
– Ձեր եղբայրները, գտնվելով անսթափ վիճակում, ավտոմեքենայով մեծ արագությամբ վարել են մեր ողջ բնակավայրով։ Հասկանալի է, չէ՞, թե ինչ է տեղի ունեցել։
– Ռուսաստանի կամ Ռոստովի մարզի համար նորմա՞լ է՝ մարդուն սպանել նման պահվածքի համար։
– Դա նորմալ չէ, իհարկե։ Ես չեմ արդարացնում մարդկանց պահվածքը։ Պարզապես նկատի ունեմ, որ մարդիկ այդքանից հետո ափերից դուրս էին եկել։ Հենց այդ պատճառով այդ ամենը տեղի ունեցավ։
– Ինչո՞ւ բնակիչները չկանխեցին դժբախտությունը։
– Կանխեցին, ինչպես թե։ Ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջանալ, եթե չկանխեին։
– Բայց մարդուն ծեծելով մահվան են հասցնել։
– Դեռ կպարզվի, թե մահն ինչպես է եղել։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ Սինյաեւսկոյեում հայերը քիչ չեն, շատ են եւ համերաշխ ապրում են ռուսների հետ։ Այստեղ բոլոր ազգերը խաղաղ ապրում են, եւ որեւէ անգամ նման միջադեպ տեղի չէր ունեցել, ազգային հողի վրա բախումներ չեն եղել։ Պարզապես նա իրեն այդպես սանձարձակ դրսեւորեց, սկսեց բարձր արագությամբ վարել մեքենան, պտտել աջուձախ, հարվածեց այլ մեքենաների եւ մարդկանց զայրացրեց:
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում