Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահ համակարգը կույր էր եւ խուլ, պետական մարմինները՝ նույնպես. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 02,2015 10:58

Երեկ լրահոսում հայտնված մի տեղեկատվություն Հայաստանի պետականության ծաղրուծանակի ակտ կարելի է համարել։ Տեղեկացրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Իջեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի դեմ, որը ներկայումս նաեւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն է։

Քրեական գործը վերաբերվում է պաշտոնական լիազորություններն անցնելուն եւ պաշտոնեական կեղծիքին։ Բայց էականը ոչ թե սա է, այլ այն, թե այդ ո՞ր ժամանակաշրջանին են վերաբերվում քրեական գործի հարուցման համար հիմք դարձած նյութերը։ Ճիշտ է, կռահեցիք. Վարուժան Ներսիսյանի՝ Իջեւանի քաղաքապետ աշխատած ժամանակահատվածին։ Խնդիրն այն է, որ այդ նյութերը վաղուց, շատ վաղուց են գտնվում իրավապահ մարմինների տրամադրության տակ։ Ժամանակին քաղաքապետ Ներսիսյանը եւ Իջեւանի ավագանին շատ լուրջ հակամարտության մեջ էին, ավագանին Ներսիսյանի կատարած ապօրինությունների մասին էր ահազանգում, նյութեր էին հրապարակվում մամուլում, ուղարկվում տարբեր պետական ատյաններ, այդ թվում՝ իրավապահ մարմիններին։ Բայց իրավապահ եւ պետական մարմինները կույր էին ու խուլ։

Հետո տեղի ունեցան 2011 թվականի Իջեւանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ Վարուժան Ներսիսյանը պարտվեց ներկայումս Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին։ Ներսիսյանի պարտության պատճառներից մեկն այն էր, որ Ղալումյանի թիմը նրան մեղադրում էր չարաշահումների, թալանի, կեղծիքի մեջ։ Ահա այդ քարոզարշավից, մամուլի հրապարակումներից հետո էլ իրավապահ համակարգը կույր էր եւ խուլ, պետական մարմինները՝ նույնպես։

Հետո նրան նշանակեցին կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար, ահագին ծանրակշիռ գործ։ Այս ընթացքում Իջեւանի երկարամյա քաղաքապետ Ներսիսյանի կողմից չարաշահումների մասին նյութերը իրավապահ մարմինների դարակներում սկսել էին բորբոսնել։ Հետո բոլորը կարծես հարմարվեցին ստեղծված վիճակին, խաղաղվեցին, հանդարտվեցին։ Ներսիսյանի չարաշահումների մասին սկսեցին չխոսել, սկսեցին չգրել, սկսեցին մոռանալ ու մոռացան։

Անցավ ժամանակ, մոտեցան Իջեւանի քաղաքապետի նոր ընտրությունները։ Վարդան Ղալումյանը մտավ ՀՀԿ եւ այդ կուսակցության կողմից առաջադրվեց Իջեւանի քաղաքապետի թեկնածու։ Վարուժան Ներսիսյանը, որ շատ ավելի վաղ էր դարձել ՀՀԿ անդամ, առանց մայրենի կուսակցության որոշման նույնպես առաջադրվեց Իջեւանի քաղաքապետի թեկնածու։ Ոչ միայն առաջադրվեց, այլեւ թեկնածությունը չհանեց։

Եվ ահա, մամուլում հայտնվեց լուրը՝ Ներսիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Հիմա հասկանում եք, չէ՞. Ներսիսյանի դեմ քրեական գործը հարուցվել է ոչ թե այն պատճառով, որ հանցակազմ պարունակող ինչ-որ արարք է կատարել, այլ որովհետեւ նա առանց մայրենի կուսակցության եւ մայրենի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու որոշում է կայացրել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930