Լրահոս
Օրվա լրահոսը

Օդափոխության ժամանակը

Սեպտեմբեր 02,2015 10:08

Ի՞նչ կարող է զգալ մարդը, որը երկու շաբաթ գրեթե չի հետեւել հայաստանյան քաղաքական իրադարձություններին եւ սեպտեմբերի 1-ին փորձում է լրացնել այդ բացը:

Եղե՞լ է ձեզ մոտ այսպիսի զգացողություն. դուք մաքուր օդից եկել եք մի ծխած սենյակ, որտեղ մարդիկ արդեն ընդունել են օղու զգալի չափաբաժին եւ ալկոհոլի ազդեցության տակ իրար նկատմամբ ամենեւին բարյացակամ չեն տրամադրված: Ես, համենայնդեպս, նման զգացողություն ունեմ: Հնարավոր է՝ մի քանի օրից այդ անառողջ օդն ինձ սովորական թվա, գուցե ես էլ սկսեմ խոսել «հարբածի նման»: Բայց հիմա…

Որքան ես հասկանում եմ, այս շաբաթների գլխավոր իրադարձությունն էին կուսակցականների եւ նախագահի հանդիպումները սահմանադրական փոփոխությունների թեմայով: Թեստ, որով կուսակցությունները բաժանվում են երկու խմբի՝ «ռեժիմի սպասարկուներ» (ովքեր հանդիպել են) եւ «պուպուշ հեղափոխականներ» (ովքեր չեն հանդիպել): Եթե սահմանադրական փոփոխություններից կամ «չփոփոխությունից» կախված լիներ Հայաստանի ողջ ճակատագիրը, ապա նույնիսկ այդ դեպքում այդ ջրբաժանը դնելը սխալ կլիներ, որովհետեւ ցանկացած ջրբաժանից, իմ կարծիքով, գալիս է «բոլշեւիկ-մենշեւիկ» պայքարի «հարբած» հոտը:

«Հեղափոխականների» (բոլշեւիկների) եւ «սպասարկուների» (մենշեւիկների) անկեղծության մակարդակը չափելը գրեթե անհնարին է: Մի առիթով ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրը նկատել էր, որ իրական զգացմունքների եւ դրանց տքնաջան իմիտացիայի միջեւ տարբերությունը չնչին է. եթե դուք հանուն ինչ-որ մեկի զոհողությունների եք գնում, եւ եթե ձեւեր եք թափում, թե ինչ լավն եք, որ գնում եք այդ զոհողություններին, վիճակը գրեթե նույնն է: Որովհետեւ երկրորդ՝ ձեւեր թափելու դեպքում մարդը վաղ թե ուշ սկսում է հավատալ իր «պուպուշությանը»:

Մարդկանց, ազգերի, կուսակցությունների միջեւ բաժանարար գծեր սահմանելը, կրկնեմ, ինքնին վատ է, բայց սահմանադրական փոփոխությունները «չարի եւ բարու» մահացու ճակատամարտի թատերաբեմ սարքելը պարզապես ծիծաղելի է՝ կարելի է ավելի ծանրակշիռ առիթներով հանել թուր-թվանքը եւ ջախջախել իրար, եթե այդպիսի ցանկություն կա:

Խնդիրը, ինչպես արդեն շատերն են նշում, Սահմանադրությունը կամ նույնիսկ վերարտադրությունը չէ: Խնդիրը, թող վերամբարձ չհնչի՝ նոր սկզբունքների վրա քաղաքականությունը կառուցելն է՝ ոչ միայն իշխանության, այլեւ ամբողջ քաղաքական համակարգի: Մենք այն վիճակում չենք, որ շարունակենք ապրել հայաստանյան սովորական, 1990-ականներին մշակված մոդելներով: Ժամանակն է օդափոխել սենյակը եւ դադարեցնել պայքարը մի բաժակ օղու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ցավն այն է, պարոն Աբրահամյան, որ մեր իրականության մեջ օդափոխությունը իրականում օդափոխություն չէ: Ծխից ու արտաշնչած ալկոհոլկից շնչահեղձ լինողները պատուհանի ապակին են փոխում, պատուհանի ձեւը, չափը, տեղը, բայց այն փակ պահում: Այսինքն օրենքները կիրառելու փոխարեն անընդհատ նոր օրենք են ընդունում: Ու ստացվում է, որ օդափոխության համար իբր թե ամեն ինչ արվում է, բայց օդը շարունակում է աղտոտ մնալ:

  2. Լավատես says:

    Եթե մեր միջից լավագույները գան իշխանության, մենք կունենանք լավագույն պետությունը, նրանք մեզ կդաստիարակեն ու մենք էլ կդառնանք լավագույն քաղաքացիները: Մեր միջի լավագույները պետք է մեզ սովորեցնեն, թե ինչպես իրենց հայտնաբերենք ու ինչպես իրենց սատար կանգնենք ու բերենք իշխանության: Իսկ եթե նրանք համեստություն կցուցաբերեն ու ինքնագովազդով չեն զբաղվի, ապա մեզ կհրամցնեն դրածո ախմախների ու մենք էլ ստիպված նրանց միջից կընտրենք մեր իշխանությանը:

  3. Ruben says:

    Նոր սկզբունքները դրսում են: Դրսից օդանցք բացելու ցանկություն ունեցողները շատ են, բայց մեջները «զանգ կախող» չկա (Վանոյի ականջը ձեն տա…): Իսկ ներսում կոմունիստ-ՀՀշների բազմագույն մնացորդները բանվորագյուղացիական օլիգարխների առաջնորդությամբ փակվել են «Խոր Վիրապի հոտած փոսում»:
    Դե հոտն էլ որ կողմ որ չոբանը կքշի արդեն կարեւոր չէ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930