Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վաղ թե ուշ վերսկսվելու է

Սեպտեմբեր 02,2015 16:00

Վեց տարի անց` նոր տարածաշրջան, նոր հնարավորություններ

2008 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ: Հունիսի 25-ին Մոսկվայում հանդիպելով Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու մասին, ասաց, որ մտադիր է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երեւան հրավիրել եւ միասին դիտել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: Սկսվեց մի գործընթաց, որ «Ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացավ: Ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 24-ին, Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին պաշտոնական հրավեր ուղարկեց, սեպտեմբերի 6-ին` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրը, Թուրքիայի նախագահ Գյուլը Երեւանում էր։ Այդ պահից ի վեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձավ քննարկվող ամենագլխավոր թեման թե՛ տեղական եւ թե՛ միջազգային ասպարեզում։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընդամենը մի տրցակ փաստաթղթերով հարստացրած այս տապալված գործընթացից վեց տարի անց թուրքական կառավարությունը կրկին ակտիվ ներքաղաքական իրավիճակում է` այս անգամ իր իսկ քաղաքացիների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ Հայաստանը կանգնած է նոր աշխարհաքաղաքական իրողությունների ու հնարավորությունների առջեւ: ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը հավատացած է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վաղ թե ուշ վերսկսվելու է, բայց ոչ հիմա:

– Թուրքիան այս պահին այնքան խնդիրներ ունի: Չեմ կարծում, որ Թուրքիայում որեւէ քաղաքական գործիչ այս պահին մտածում է դրա մասին: Հակառակը՝ այս նախընտրական փուլում Թուրքիայի իշխող կուսակցությունը շատ ավելի կոշտ դիրքորոշում կցուցաբերի հայկական հարցերի հետ կապված ընդհանրապես: Հիշում եք, չէ՞, Էրդողանն ինչքան վիրավորական բաներ էր ասում հայերի մասին: Այդպես էլ գնալու է: Այնպես որ՝ այս պահին ես որեւէ բան չեմ տեսնում: Կձեւավորվի նոր իշխանություն, մեծամասնություն ունեցող կառավարություն, հետո կարելի կլինի քննարկել: Բայց այս պահին մեռյալ վիճակ է:

– Վեց տարի առաջ, երբ արձանագրությունները եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը ակտիվ փուլում էին, շատ ընդդիմադիր գործիչներ ասում էին, որ արձանագրությունները ստորագրելով` Հայաստանը հարվածեց իր միջազգային վարկին ու հեղինակությանը: Եթե փորձենք վերլուծել վեց տարվա հեռավորությունից, ի վերջո, այդ արձանագրություններն ու գործընթացը մեզ ինչ-որ բան տվեցի՞ն, թե՞ ոչ:

– Արձանագրությունների բուն տեքստի հետ կապված ես էլ կոնկրետ բացասական բաներ ասել եմ, որովհետեւ խնդիրներ կային: Բայց ինքը՝ գործընթացը, ճիշտ գործընթաց է եղել:

Եվ, ի վերջո, ողջ միջազգային հանրությունը գիտակցեց, որ արձանագրությունները չվավերացվեցին, որովհետեւ Թուրքիան խախտեց նախապես ձեռք բերված համաձայնություններն առ այն, որ գործընթացը պետք է տանել առանց նախապայմանների: Այն, որ Թուրքիան տորպեդահարեց գործընթացը, դա դարձավ ակնհայտ, եւ պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մակարդակով ասվել է, որ գնդակն այլեւս Թուրքիայի կիսադաշտում է:

Այդ առումով Հայաստանը մինչեւ վերջ կարողացավ պահպանել իր իմիջը: 1991 թվականից սկսած՝ մեր քաղաքականությունը եղել է մեկը` առանց նախապայմանների, նորմալ եւ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: Չեմ կարծում, որ Հայաստանն իր իմիջի առումով մեծ կորուստներ կրեց:

– Իսկ ի՞նչ անել այդ արձանագրությունները` պահե՞լ, թե՞ գրողի ծոցն ուղարկել, ինչպես մեկ անգամ ասաց Սերժ Սարգսյանը:

– Չեմ կարող ասել, տարբեր մոտեցումներ կան: Բայց հիմա գործընթաց չկա, ու գոյություն չունեցող գործընթացի վրա սեւեռել ուշադրությունը չեմ կարծում, որ ճիշտ է: Ինչ-որ տեղ գցած են, թող այդպես էլ մնան: Թուրքիան թող իր ներքին հարցերը կարգավորի, մնացածը գործընթացները ցույց կտան: Տարածաշրջանում էլ այլ զարգացումներ են այժմ: Վեց տարի առաջվա այս տարածաշրջանն ու այսօրվա տարածաշրջանը շատ տարբեր իրողություններ են, լրիվ տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակներ: Չգիտեմ՝ որքանո՞վ է նպատակահարմար հիմա այդ թեման շարունակել:

– Երբ գործընթացը վերսկսվի, այն պետք է շարունակել արձանագրությունների այն կետից, որի վրա որ կանգնե՞լ էր, թե՞ Հայաստանն ավելի կոշտ դիրքորոշում պիտի ունենա:

– Կոշտ, թե փափուկ` չգիտեմ: Դա դիվանագիտություն է, դիվանագիտության ճկունությունը, որը դրսեւորվում է նաեւ աշխարհաքաղաքական մի շարք իրողություններով: Հայաստանը պետք է առաջնորդվի տվյալ պահին Հայաստանի շահերը լավագույնս սպասարկելու գործելաոճով: Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի պահի թելադրանքը:

– Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային առումներով բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որը Հայաստանի համար նաեւ հնարավորություններով լի է: Հայաստանի դիվանագիտական կորպուսը, ի հեճուկս սրա, բավական պասիվ է՝ մասնավորաբար, ասենք, Իրանի հետ կապված իր նախաձեռնություններում ու հայտարարություններում: Կարո՞ղ ենք օգտագործել ընձեռված հնարավորությունները, թե՞ հերթական անգամ պատրաստ չենք:

– Հարցը պետք է դնել այսպես` պարտավոր ենք օգտվել այդ հնարավորություններից: Կարողանում ենք առավելագույնը քաղել, թե ոչ՝ այլ հարց է: Եթե հարցն այն մասին է, որ մեր դիվանագիտական գերատեսչությունն ակտիվ չէ, քննարկման առանձին թեմա է: Բայց որ բազմաթիվ ու բազմազան հնարավորություններ են բացվել` փաստ է, ու օր առաջ պետք է առավելագույն շահեր քաղենք դրանցից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930