Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպասելով Ռոբերտ Քոչարյանի որոշմանը

Սեպտեմբեր 02,2015 15:30

Իսկ Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել պատրաստ էր նաեւ
ՀՀ առաջին նախագահը

Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանդիպումները նախագահական նստավայրում կրքեր են բորբոքել: Կրկին քաղաքական դաշտը սեւ ու սպիտակի է բաժանվել, որոշում են` ով է «ծախված», ով` հավատարիմ սկզբունքներին: Ընդդեմ սահմանադրական փոփոխությունների միավորելու, մեկ ճակատով հանդես գալու մասին է խոսվում:

Յուրօրինակ, բայց ոչ անսպասելի դերակատարում է ստանձնել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, քաղաքագետ Գառնիկ Իսագուլյանը, որը 1in.am-ի հետ զրույցում դարձյալ կարեւորել է այս պրոցեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը: Նրա խոսքով՝ շատ լավ կլիներ, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումներին բոլորը մասնակցեն, քանի որ, միեւնույն է, գործընթացը սկսված է, եւ շատ կարեւոր է, որ առաջին եւ երկրորդ նախագահներն ակտիվ մասնակցություն ունենան, հստակ արտահայտեն դիրքորոշում եւ դրանից հետո գործունեություն ծավալեն։ Ըստ նրա՝ լավ կլիներ, որ նրանից մեկը նախաձեռնի եւ անպայման կայանա այդ հանդիպումը, ինչը կարեւոր է կոնսոլիդացիայի համար։
Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես գալը Սերժ Սարգսյանի իշխանությանն ընդդիմանալու, թերեւս, վերջին շանսն է Ռոբերտ Քոչարյանի համար, եթե առհասարակ նա որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այս հարցով արդեն առիթ է եղել նշելու, որ Քոչարյանը շատ ժամանակ իսկապես չունի, օրերի, շաբաթների հարց է:

Նա առաջիկայում կարող է հրապարակավ հայտարարել, որ մտնում է քաղաքական ակտիվ փուլ` ընդդիմանալով սահմանադրական փոփոխություններին կամ առայժմ այլ ուժերի ակտիվության պարագայում մոտ ապագայում կորոշի իր անելիքները:
Դարձյալ համառ տեղեկություններ են շրջանառվում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու մասին: Օրերս armtimes.com-ը հայտնել էր, թե առաջիկա օրերին հարցազրույցով հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը, որից հետո պաշտոնապես կհայտարարվի Օսկանյանի կուսակցության գրանցման մասին. «Մեր տեղեկություններով՝ հենց Ռոբերտ Քոչարյանն է ֆինանսավորելու այդ կուսակցությանը, որը նպատակ ունի միանալ սահմանադրական փոփոխությունների դեմ ստեղծվելիք «ոչ»-ի ճակատին եւ ակտիվ հակաքարոզչական գործունեություն ծավալել: Խոսվում է, որ Օսկանյանի կուսակցությանը մաս կկազմեն ԲՀԿ-ի քոչարյանական թեւի ներկայացուցիչները. բացառություն կկազմի միայն ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, որը ֆորմալ առումով չի անդամակցի նորաստեղծ կուսակցությանը»,- գրել էր կայքը: Բնական է, որ քաղաքական դաշտում որոշ անհատների ու հասարակության վստահությունը կորցրած ուժերի համար այս տարվա փետրվարին Գագիկ Ծառուկյանի հեռացումից հետո այժմ միակ հույսը Ռոբերտ Քոչարյանն է: Իսկ էլ ուրիշ ո՞ւմ ռեսուրսները կարելի է օգտագործել Հայաստանի «փրկության» համար:

Պարզ է, որ Տեր-Պետրոսյանը անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ շփվելու բարդույթ չունի: Հանուն նպատակների նա կարող է գնալ նաեւ այդ քայլին: Այլ հարց է, թե Ռոբերտ Քոչարյանը կցանկանա՞ գնալ այդ քայլին: Նրա տեսակն իմանալով՝ կարելի է ենթադրել, որ Քոչարյանի համար անձնապես լուրջ բարդություն է Տեր-Պետրոսյանի հետ շփվելը, որովհետեւ Քոչարյանը չի մոռանում ու չի ներում նախկինում իր հասցեին արված գնահատականները, որոնք նա անձնական վիրավորանք է համարում, իսկ դրանք իր տասնամյա իշխանավարման տարիներին Տեր-Պետրոսյանի թիմակիցների կողմից ամենադաժանն են եղել:

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀԱԿ-ի վարչության նիստը, որում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը` «մասնավորապես սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում` Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի վերարտադրման գործընթացի տապալման հարցում հասարակության համախմբման հարցը եւ դրան ուղղված հետագա քայլերը»:

«Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի վերարտադրման գործընթացի տապալման հարցում հասարակության համախմբման հարցը եւ դրան ուղղված հետագա քայլերը» նախադասությունը կարելի է փոխարինել ավելի կրճատ մտքով` Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները:

Հասարակական պահանջ կա՞ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար: Չկա՛: Բայց վերջին տարիներին քաղաքական որոշ ուժերի, որոշ գործիչների ու փորձագետների ջանքերով արվել է ամենը, որպեսզի հնարավոր դառնա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Այս օրերին նույնպես ի հայտ են գալիս վերլուծություններ, որտեղ քաղաքական դաշտի 95 տոկոսին Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվողներ են անվանում, իսկ մնացած 5 տոկոսին` Հայաստանը փրկողներ, եւ իհարկե, չմոռանալով «մաքրել» 1998-2008 թվականներին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման արյունոտ շրջանը:

Ու այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում հարց բարձրացնելու` ինչո՞ւ են Սերժ Սարգսյանի նստավայր գնացողները համարվում դավաճան, իսկ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցության, Գագիկ Ծառուկյանի ու հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի վրա հույս դրածները` Հայաստանի «փրկիչներ»:

Առհասարակ, թիմակիցներին ոչնչացնելու հարցում այս օրերին դարձյալ «փայլում» է ՀԱԿ-ի համակիրների խմբակը: Այժմ նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:

Եթե «Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելով» է որոշվում այս կամ այն ուժի «չծախվածությունը», ապա պետք է հիշեցնել ոչ վաղ անցյալի մի կարեւոր իրադարձություն:

ՀԱԿ ներկայացուցիչներն այսօր որեւէ առիթ բաց չեն թողնում՝ հիշեցնելու փետրվարին «ռեժիմի կողմից տեռորը» Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Բայց որեւէ մեկը չի հիշում կամ չի ցանկանում վերհիշել ու ինքն իրեն հարց տալ, թե այդպիսի դաժան «տեռորից» անմիջապես հետո ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանը բաց նամակ հղել Սերժ Սարգսյանին եւ պատրաստ էր հանդիպել նրան ու փաստորեն` նաեւ սեղմել նրա ձեռքը:

Վերհիշենք այս տարվա փետրվարի 17-ին առաջին նախագահի բաց նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Տեր-Պետրոսյանը գրել էր, որ փետրվարի 12-ին մի նյութ է ուղարկել iLur կայքին եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթին, բայց երբ փետրվարի 12-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, անմիջապես ետ է կանչել այդ նյութը։ «Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին»։ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի շարժառիթը 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրն էր, որը Տեր-Պետրոսյանի ձեւակերպմամբ` «վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից»։ «Այժմ, արդ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։

Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին»։ Տեր-Պետրոսյանն այնուհետեւ նշել էր, որ որպես գաղափարի մտահղացող՝ պատրաստ է նաեւ անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: «Փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարեւորն այս պատասխանատու խնդրում պետական եւ համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական։ Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ ազգի եւ պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել եւ ցանկացած դուռ կբախեմ»,- բացատրում էր առաջին նախագահը` հավելելով, որ իրեն բոլորովին չի հետաքրքրում, թե աջից ու ձախից ինչպիսի վայնասուն կբարձրանա իր հրապարակման առթիվ։

Երեք օր անց Սերժ Սարգսյանը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին, որում կտրականապես մերժեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ նրա որակումները. «Եթե դեռեւս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միեւնույն է՝ չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից եւ պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները եւս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրեւ նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենեւին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք եւ ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:

Շարունակությունը` այստեղ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930