Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոսանքի գնի 6.93 դրամի բարձրացումը չպետք է բերի ապրանքի թանկացման»

Սեպտեմբեր 02,2015 15:00

Նկատում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն ու նշում, որ էլեկտրաէներգիայի ծախսը արտադրված ապրանքի ինքնարժեքում փոքր մաս է կազմում

Երեկ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ այս տարվա առաջին կիսամյակում մեր տնտեսությունը աճ է արձանագրել: Ու թեեւ միջին վիճակագրական հայը, որը միջին աշխատավարձի կամ տրանսվերտի հույսին է, տնտեսական աճն իր մաշկով ու դրամապանակի պարունակության արագ սպառմամբ չի զգում, այնուամենայնիվ, վարչապետն ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա երեկ ազդարարեց. «1-ին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, Հայաստանում գրանցվել է 2.5%, իսկ 2-րդ եռամսյակում 5.1% տնտեսական աճ է արձանագրվել: Արդյունքում ունենք 4.4% կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսվերտների էական նվազման պարագայում հատկապես կարեւորում եմ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաեւ մեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր արտահանում ենք ավելի շատ երկրներ»:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վարչապետի նշած տնտեսական աճին՝ նշեց, որ շարքային քաղաքացիների, սպառողների մոտ, ընդհանուր առմամբ, պասիվացում կա, գյուղացիների մոտ՝ որոշակի ակտիվություն՝ ի տարբերություն նախորդ տարիների, սակայն ակտիվությունը պայմանավորված է նպաստավոր բնակլիմայական պայմաններով:

Այս բնակլիմայական պայմաններն էլ, ինչպես նկատեց տնտեսագետը, ապահովել է գյուղատնտեսության 15% աճ, որն էլ ազդել է առաջին կիսամյակի տնտեսական աճի վրա: «Սեզոնային բնույթ է կրում, եւ գյուղատնտեսության աճը համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջին կիսամյակում բավականին մեծ մասնաբաժին է կազմում, ինչով էլ պայմանավորված է կիսամյակի աճը: Սակայն մնացած ոլորտներում՝ առեւտուր, արդյունաբերություն նվազում ունենք կամ՝ չնչին աճ, նվազում կա նաեւ արտահանման եւ ներմուծման ոլորտում»,- ասաց Առաքելյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ միայն կարճաժամկետ՝ կես տարվա կտրվածքով նշված տնտեսական աճի թվերի վրա հիմնվել ու ասել, որ աճ կա տնտեսությունում, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ տնտեսվարողներն էլ ունեն սպառման, արտահանման խնդիրներ:
Տարին տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշներով կփակենք. մեր այս հարցին անդրադառնալով՝ տնտեսագետը լավ բան չասաց. Առաքելյանը նշեց, որ աճի միտում չի նկատվում. «Առաջիկա ամիսներին տնտեսական աճի ավելի շատ նվազում կարձանագրվի, քան լրացուցիչ աճ»:

Երեկ կառավարության նիստում նաեւ հաստատվեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամի բարձրացումը կսուբսիդավորվի բնակիչ-բաժանորդներին ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հրավիրված միջազգային խորհրդատվական ընկերության աշխատանքների ավարտը: Այդ սուբսիդավորումը տրվելու է ամսական մինչեւ 500 կՎտ ժամ էլեկտրաէներգիա սպառող փոքր ու միջին բիզնեսին, բայց միայն 250 կՎտ-ի դիմաց, խոշոր բիզնեսին կառավարությունը չի սուբսիդավորելու: Հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց հոսանքի գինը 6.93 դրամով բարձրացնել, որոշ տնտեսագետներ կանխատեսեցին, որ շղթայական գնաճ է լինելու: Հիմա, երբ հստակեցված ու որոշված է՝ սուբսիդավորում արվելու է, արդյոք կառավարության այս քայլը կկանխի՞ թանկացումները, մեր այս հարցին Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Սուբսիդավորումը խոշոր բիզնեսին չի վերաբերում, մեզ մոտ արդյունաբերության մեջ մեծ մասնաբաժին ունեն խոշոր ձեռնարկությունները, փոքր բիզնեսը մեծ մասնաբաժին չունի իր արտադրանքով: Պետք է հաշվի առնել, որ հոսանքի սակագնի 6.93 դրամի բարձրացումը չպետք է բերի ապրանքի թանկացման»:

Տնտեսագետի խոսքերով՝ էլեկտրաէներգիայի այդ ծավալի թանկացումն, ըստ էության, 15% է կազմում, բայց այդ ծավալը ցանկացած ապրանքի ինքնարժեքում 1-2% է կազմում. «Այնպես չէ, որ ապրանքի գինն ամբողջովին էլեկտրաէներգիայից է կախված: Էլեկտրաէներգիայի ծախսը արտադրված ապրանքի ինքնարժեքում փոքր մաս է կազմում, եթե գումարենք այլ ծախսեր՝ ամենաշատը ապրանքը 1-2% պետք է թանկանա, առավելագույնը՝ 10-20 դրամ: Բայց պետք է հաշվի առնենք, որ տնտեսվարողները միշտ օգտվում են իրավիճակից եւ ավելին են թանկացնում: Խոշոր արտադրողները, մենաշնորհային դիրք ունեցողներն էլ միշտ օգտվում են իրավիճակից եւ կարող են չհիմնավորված թանկացումներ իրականացնել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930