Ըստ վկայի՝ ասել էր բուժծառայության պետը
Կապիտան Արման Թադեւոսյանը Գեղարքունիքի մարզի դատարանում ավարտված քրեական գործի դատաքննության արդյունքում մեղադրվել է այն բանի համար, որ լինելով զորամասի բուժծառայության պետ, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2014թ. հունվարի 11-ին, ժամը 15:00-ի սահմաններում, բուժկետի պահեստանոցում, նույն զորամասի սպաներ, մայոր Իշխան Կիրակոսյանի, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանի եւ ժամկետային պարտադիր զինծառայող, բուժակ, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանի հետ միասին, նույն զորամասի ուսումնական գումարտակի ժամկետային պարտադիր զինծառայող, բուժկետում ստացիոնար բուժման մեջ գտնվող, շարքային Մհեր Խլղաթյանին զորամասի հրամանատարին ներկայացնելու համար զինվորական համազգեստ չհագնելու պատճառով, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Մ. Խլղաթյանի հասցեին: Նա բռնություն է գործադրել Մ. Խլղաթյանի նկատմամբ` ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել, ծեծի է ենթարկել նրան, ինչի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Դատավճռով, որը պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այս օրերին բողոքարկել է վերաքննիչ դատարանում, Արման Թադեւոսյանն ազատազրկվել է 4 տարի ժամկետով: Նրա պատժի կրման սկիզբը 2014 թվականի հունվարի 15-ից է: Կալանքը մնացել է ուժի մեջ:
Այս գործով ամբաստանյալներ՝ Իշխան Կիրակոսյանը եւ Հրաչ Մնացականյանը նույնպես ազատազրկվել են 4 տարի ժամկետով: Նրանք նույնպես կալանավորված են: Իսկ ամբաստանյալ Վահե Օհանյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի դատարանի դատավճիռը ենթակա է բեկանման, իսկ Արման Թադեւոսյանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական եւ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաեւ դատավճռում անձի մեղավորության մասին հետեւությունները հիմնված են ենթադրությունների եւ անթույլատրելի ապացույցների վրա. «Դատավճիռը առերեւույթ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին»:
Փաստաբանի գնահատմամբ, մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա եւ քրեական դատավարության օրենքի համաձայն՝ «կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Իսկ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով»:
Դատարանի իրավական գնահատականներում այսպիսի հետեւություն կար. «Դատարանը հանգում է այն հետեւության, որ ամբաստանյալ Իշխան Կիրակոսյանի տված հաղորդումը, որպես կասկածյալ հարցաքննությունը, վկաներ Արթուր Արուջյանի, Արկադի Մարտիրոսյանի, Սամվել Սենեքերիմյանի, Ջանիկ Վարդանյանի, Գաբրիել Վարդանյանի նախաքննության ընթացքում տրված եւ դատաքննության ընթացքում հետազոտված ցուցմունքներն արժանահավատ են»:
Նշենք, որ ամիսներ առաջ՝ ապրիլի 8-ի դատաքննության ժամանակ պաշտպան Լ. Սիմոյանը դատարանին է ներկայացրել միջնորդություն` Ա. Թադեւոսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների շարքից հանել եւ որպես ապացույցներ օգտագործման համար անթույլատրելի ճանաչել տուժող Մհեր Խլղաթյանի ցուցմունքները՝ նախաքննական եւ դատաքննական, հարցաքննության արձանագրությունները եւ նրա կողմից հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը:
Սակայն, ըստ դատարանի, ցուցմունքները որպես ապացույց ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի առանց խախտումների եւ ունեին ապացուցողական նշանակություն:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտի» հետ զրույցում հիշատակեց ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ին կայացրած նախադեպային որոշումներից մեկը, համաձայն որի՝ ապացույցների գնահատման վերաբերյալ Վճռաբեկի իրավական դիրքորոշումն այսպիսին է եղել. «Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով: Այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից եւ հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից՝ անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Ապացույցները, որոնք հավաքվել եւ ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսեւորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական»:
Մինչդեռ, Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով, դատավճիռը պատճառաբանված չէ, քանի որ դատարանում հետազոտված ապացույցների գնահատումը դատարանի կողմից իրականացվել է կամայական կարգով, դրանց գնահատման վերաբերյալ դատավճռում բացարձակապես որեւէ պատճառաբանված եզրահանգում չկա: «Դատարանը չի հիմնավորել, թե, օրինակ, ինչու է դատավճռի պատճառաբանական մասում նշել, թե արժանահավատ են ամբաստանյալ Իշխան Կիրակոսյանի տված հաղորդումը, որպես կասկածյալի հարցաքննությունը, վկաներ Արթուր Արուջյանի, Արկադի Մարտիրոսյանի, Սամվել Սենեքերիմյանի, Ջանիկ Վարդանյանի, Գաբրիել Վարդանյանի նախաքննության ընթացքում տված եւ դատաքննության ընթացքում հետազոտված ցուցմունքները, իսկ պաշտպանական կողմի միջնորդությամբ վկայակոչված անձանց ցուցմունքները դատարանի կողմից չեն գնահատվել»,-ասում է Լ. Սիմոնյանը:
Պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված հանցագործությունը. «Պաշտպանական կողմի համար մեղադրանքի էությունը մնում է անհասկանալի եւ չպարզաբանված: Եթե դատարանն ի նկատի է ունեցել, թե արարքը կատարվել է նախնական համաձայնությամբ, ապա դատաքննության ժամանակ հետազոտված նյութերում նման ապացույցներ առկա չէին»:
Պաշտպանն անհամոզիչ է համարում ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը նաեւ տուժողին ծեծի ենթարկելու եւ նրա առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու մասով:
Նա ասում է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել, որ Արման Թադեւոսյանը բուժկետի պահեստանոցում ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ ծեծել է Մհեր Խլղաթյանին. «Դատաքննությամբ հետազոտված նյութերում առկա չէր թույլատրելի ցուցմունք, որտեղ մատնանշված կլիներ, թե Արման Թադեւոսյանը կամ ամբաստանյալներից որեւէ մեկը հարվածներ է հասցրել Մհեր Խլղաթյանին»:
Գործի նյութերում, պաշտպանական կողմի տեղեկացմամբ, չկա մի տվյալ, զորամասի բուժկետում գտնվող մյուս զինծառայողներից որեւէ մեկը ուղղակի ցուցմունք չի տվել Մ. Խլղաթյանին ծեծի ենթարկելու փաստի մասին: Ի դեպ, դեպքի օրը Մ.Խլղաթյանին զորամասի հրամանատարի մոտ տանելու ժամանակ զորամասի բուժկետում գտնվել է նաեւ մեկ այլ զինվոր՝ Նարեկ Իգնաթեւոսյանը, որը նույնպես Մ. Խլղաթյանի հետ տարվել է զորամասի հրամանատարի մոտ, որը պնդել էր, որ տուժողը ծեծի չի ենթարկվել:
Վկաներից մեկի ցուցմունքի համաձայն, «Բուժկետ մտավ բուժծառայության պետ ճաղատ կապիտանը, մեր գումարտակի մայոր Կիրակոսյան Իշխանը եւ ավագ լեյտենանտ Հրաչը, ում ազգանունը չգիտեմ: Բուժծառայության պետը բոլորիս հանձնարարեց մտնել պալատները, որպեսզի քիչ անց գա եւ ստուգի: Բոլորս մտանք հիվանդասենյակները, իսկ նրանք երեքով մտան պահեստանոց: Իմ պալատը պահեստանոցից գտնվում է մոտ երկու մետր հեռավորության վրա, պալատի դռանը առկա է ապակիներ, ինչի շնորհիվ ամեն ինչ տեսանելի է: Բացի այդ, ես կանգնած էի հենց դռան մոտ:
Քիչ անց բուժկետ մտան նաեւ Վահեն ու Մհերը, ապա միասին մտան պահեստանոց ու դուռը փակեցին: Մոտ 5 րոպե անց բուժկետ մտավ բուժակ Խաչիկը, ում տեսնելով՝ պալատից դուրս եկա եւ հարցրեցի, թե ինչ պատճառով են մեզ հանձնարարել մնալ սենյակում: Խաչիկն ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, որից հետո ես մտա սենյակ: Այդ ժամանակ միջանցքում ոչ ոք չկար: Մոտ տասը րոպե անց ես դուրս եկա զուգարան եւ վերադառնալիս հենց պահեստանոցի անկյունում հանդիպեցի բուժծառայության պետին, ով հենց այդ պահին դուրս էր գալիս պահեստանոցից: Նա գտնվում էր սաստիկ ջղայնացած վիճակում, նույնիսկ ճակատն ամբողջությամբ պատված էր քրտինքով: Նա նյարդայնացած ինքն իրեն խոսում էր, մոտավոր հիշում եմ, հետեւյալ խոսքերը. «Հլը ըտենց մեկը չի եղել, որ կարա սաչոկություն անի»: Մյուս խոսքերը չեմ հիշում: Տեսնելով, որ պահեստանոցի դուռը գտնվում է բացված վիճակում, փորձեցի ներս մտնել եւ պարզել, թե ինչ է կատարվում: Սակայն, դուռը կիսով չափ բացելուց դեմս կանգնեց մայոր Կիրակոսյանը եւ ասաց, որ հետ գնամ: Այնտեղ էր գտնվում նաեւ ավագ լեյտենանտ Հրաչը, ով կանգնած էր մեջքով: Ես եկա պալատ եւ պառկեցի իմ մահճակալին»:
Քննիչի հարցին էլ, թե պահեստանոցում գտնվելու ընթացքում տարօրինակ ձայներ լսե՞լ եք, թե՞ ոչ, վկան պատասխանել էր. «Ճիշտն ասած, որեւէ ձայն, աղմուկ չեմ լսել»:
Պաշտպանը հարցնում է՝ ինչո՞ւ վկան ենթադրեց, որ Մհերին ծեծի են ենթարկել, երբ ինքը չի տեսել, թե ինչ է կատարվում պահեստանոցում, գուցե փորձել են նրա շորերը հագցնել, որի վերաբերյալ էլ մանրամասն ցուցմունքներ են տվել պահեստանոցում գտնվող անձինք:
Այս վկան էլ դատարանում հայտնել էր, որ նախաքննական ցուցմունքը տվել է բարձր ջերմության պայմաններում եւ դրանից որեւէ բան չի հիշում, քանի որ որեւէ միջադեպի ականատես չի եղել, չի տեսել, թե ինչ-որ մեկը Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկած լինի, իր նախաքննական ցուցմունքն ամբողջովին չի կարդացել: Վկան ցուցմունքից հետո անօրինական տարվել էր ռազմական ոստիկանություն եւ իբրեւ կամավոր հաղորդում է տվել, ասելով. «դատարանում իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, քանի որ խնդրել է փոխգնդապետ Էրվին Սարկիսյանը»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.09..2015