Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան նոր աշխատանքի է անցնում
Ժան-Ժակ Մոնտուան 2012-ի հուլիսին նոր էր նշանակվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր: Իր առաջին աշխատանքային օրն ունեցած մեր հարցազրույցի ժամանակ նորանշանակ ռեկտորը դեռեւս երեք տարի առաջ ասել էր, որ իր համար գունեղ երկիր է հայտնագործել ու դրական տպավորություններ ունի Հայաստանից, ինչպես նաեւ հպարտ է աշխատել Ֆրանսիական համալսարանում: Պարոն Մոնտուան այս օրերին արդեն հրաժեշտ է տալիս Հայաստանին ու իր սիրելի Ֆրանսիական համալսարանին:
«Առավոտի» հետ զրույցում արդեն նախկին ռեկտորն ասաց, որ բաժանումը երկարատեւ չի լինի, եւ հնարավոր է՝ նոր ծրագրերով գա Հայաստան: Նրան խնդրեցինք գնալուց առաջ ամփոփել 2014-2015 թթ. ուսումնական տարին: «Առաջին հերթին համալսարանն առողջ վիճակում է՝ բոլոր, այդ թվում ուսանողների համակազմի տեսակետից: Կարողացել ենք ավելի շատ ուսանողներ ընդունել հատկապես «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտությամբ, նաեւ ապագայում երկու մեծ՝ ռեգիոնալ զարգացման եւ առողջապահության կառավարում բնագավառում կրթության ստեղծման ծրագիր ունենք:
Չեմ կարող չնշել եվրոպական ՏԵՄՊՈՒՍ ծրագրի «Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը» եռամյա նախագծի մասին, որը համակարգում է Ֆրանսիական համալսարանը: Նաեւ հավելեմ, որ 2014-15 տարին ավարտվում է, ու մենք ունենք լավ հարաբերություններ մեր բացառիկ գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ»,- ասաց Ժան-Ժակ Մոնտուան: Ինչ վերաբերում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտորին, մեր զրուցակցի ձեւակերպմամբ. «Նա իր տրամադրության տակ կունենա նոր Rolls-Royce ավտոմեքենա, որը հարմարավետ է, հզոր եւ շատ վստահելի: Ու ամենակարեւորը՝ դեպի ապագա է շարժվում՝ հաշվի առնելով առողջ մրցակցությունը ամերիկյան եւ ռուսական համալսարանների հետ»: Նախկին ռեկտորը կարեւորեց համալսարանի հաջողություններում՝ թիմային աշխատանքը եւ բոլոր աշխատակիցների գիտակ ու նվիրված լինելը:
Առանձնացրեց պրոռեկտոր Արայիկ Նավոյանի եւ ֆինանսատնտեսական տնօրեն Վաղինակ Մեյրոյանի ներդրումը: «Այս երեք տարիներին առաջ ենք շարժվել առանց դադարի: Գերազանց է, երբ ներգրաված ես մի դինամիկայի մեջ, որն անընդհատ զարգանում է: Այս երեք տարին մեկ այլ փորձառություն էր՝ այլ համալսարանական միջավայրում: Կարծում եմ՝ Ֆրանսիական համալսարանը մեծ հաջողություն է Ֆրանսիայի ու Հայաստանի համար, այն երկկողմանի ներդրման արդյունք է: Պատկերավոր ասած՝ սա մի հաջող ամուսնություն է ֆրանս-հայկական հիմնադրամի եւ Ֆրանսիական Լիոն 3 համալսարանի փորձառության:
Կարդացեք նաև
Մի օր կնշենք մեր ամուսնության վաթսուն տարին: Հայաստանի Ֆրանսիական համալսարանում պաշտոնավարելը ինձ համար ոչ միայն աշխատանք, այլեւ հաճույք է եղել: Հաջորդ ռեկտորին մաղթում եմ նույնչափ հաճույք՝ այս համալսարանը ղեկավարելիս: Իմիջիայլոց, համալսարանի հենց մուտքից անմիջապես տպավորություն ես ունենում, որ այստեղ ամեն ինչ հնարավոր է կյանքի կոչել: Ամեն համալսարան նավի նման է, եւ եթե կապիտանն ասի, որ պետք է աջ գնալ, իսկ նավի անձնակազմը հակառակ ուղղությամբ ցանկանա նավարկել, կապիտանի համար դժվար կլինի, բայց Ֆրանսիական համալսարանի պարագայում կապիտանն ու անձնակազմը նույն ուղղությամբ են նավարկում՝ Լիոն 3-ին որպես փարոս ունենալով:
Անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ մեր ցանկացած նախաձեռնություն աջակցություն է ստացել, մեզ օգնել են: Սա հաջողված համագործակցության նախագիծ է, որը շարունակվում է: Հայերի ու ֆրանսիացիների միջեւ մի ուրույն հոգեւոր կապ կա, որն իր արտացոլումն է գտել Ֆրանսիական համալսարանի մեջ: Կարծում եմ՝ Հայաստանում աշխատած տարիներս մասնագիտական գործունեության ու մարդկանց հետ հարաբերվելու առումով լավագույն երեք տարիներն էին: Չեմ ասում, որ Հայաստանից գնում եմ, որովհետեւ Հայաստանն ինձ հետ տանում եմ՝ իմ սրտում: Շատ հնարավոր է՝ կրկին վերադառնամ Հայաստան: Հայերը նման են իմ ծննդավայր Սեն Մալոյի ժողովրդին՝ ցրված են աշխարհով մեկ որպես նավաստիներ……Սեն Մալո գնալուց կփորձեմ Հայաստանի եւ Սեն Մալոյի միջեւ կապեր հաստատել: Նաեւ շնորհակալ եմ Ֆրանսիայի արտգործնախարարությանը, որ ինձ վստահեց այս աշխատանքը, ու հիմա հարստացած եմ վերադառնում»,- ասաց Ֆրանսիական համալսարանի նախկին ռեկտորը: Նրանից տեղեկացանք, որ մի քանի օրից իր ծննդավարում աշխատանքի է անցնելու առողջապահության բնագավառի կրթության ոլորտում. Ժան-Ժակ Մոնտուային վստահվել է առողջապահության ոլորտի կրթության միջազգային կապերի համալսարանական պատասխանատուի պաշտոնը Բրետանում: Պրոֆեսորը հույս ունի, որ կկարողանան համատեղ ղեկավարվող դոկտորական ծրագրեր մշակել, որպեսզի երիտասարդները կարողանան հետազոտություններ կատարել առողջապահության ոլորտում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.09..2015