Երիտասարդ արվեստագետ Լուսի Մունան իր «Ար աստծո գաղտնիքները»
ներկայացմամբ այլ ասելիք կներկայացնի
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ճանաչված գրող, հրապարակախոս, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի արվեստանոցում ուսանած Լուսի Մունան (լուսանկարում) իր առաջին աշխատանքը՝ «Աստված քեզ հետ է» ռոք-մյուզիքլը 2014թ. ներկայացրեց Համազգային թատրոնի բեմում: Երիտասարդ արվեստագետը հիշյալ աշխատանքում եւ սցենարիստն էր, եւ ռեժիսորը, եւ գլխավոր դերակատարներից մեկը: Մասնագետները միանշանակ չընդունեցին երիտասարդ արվեստագետի այս աշխատանքը: Հնչեցին ծայրահեղ դրական եւ ծայրահեղ բացասական կարծիքներ: Մյուզիքլում, օրինակ, ռեկվիզիտի իսպառ բացակայությունը լրացնում էին երգիչ-դերասանները, իսկ Լուսիի հեղինակային տեքստերը գրված էին աշխարհահռչակ ռոք խմբերի հիթերի երաժշտությամբ: Սա բացասական վերաբերմունքն էր մասնագետների, իսկ դրական արձագանքներն ուղղված էին երիտասարդ արվեստագետի սցենարին, մասնավորապես՝ տեքստերին եւ ռեժիսորական աշխատանքին:
Շուտով հանդիսատեսն ու մասնագետները ներկա կլինեն Լուսի Մունայի երկրորդ աշխատանքին՝ «Ար աստծո գաղտնիքները» պարային-խորհրդապատկերային բեմադրությանը՝ համեմված խոսքով (բալետմայստեր՝ Անայիս Աբեդի), որի սցենարն ավելի քան խնդրահարույց է:
«Առավոտի» հետ զրույցում Լուսին ասաց, որ ինքը, որպես երիտասարդ ստեղծագործող, բողոք ունի՝ ուղղված մեր ժամանակների պատմաբաններին: Մեր զրուցակցի խոսքերով, Օքսֆորդի համալսարանում հայոց պատմությունն ուսումնասիրում են ավելի խորը, քան այն մեր ուսումնական գրքերում է: Օրինակ, ինչո՞ւ այդ համալսարանում գիտեն, ասենք, Քարահունջի մասին, իսկ մեր ձեռնարկներում ոչ մի խոսք չկա…
Արվեստագետի հավաստմամբ՝ առաջիկայում կայանալիք բեմադրության սցենարը գրելու համար փորձել է գտնել նյութեր, որտեղ կկարողանար ծանոթանալ հայոց պատմությանն ավելի խորը: Նրա խոսքերով՝ «գտա նյութեր, որոնք կարծես չեն տարբերվում թուրքական պրոպագանդայից: Բարեբախտաբար, ձեռքս ընկավ Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» աշխատությունը: Որոշեցի հենվել աստղաֆիզիկոսի հենց այդ գրքին: Միանգամից հասկացա, որ անհրաժեշտ է նրա վարկածը ներկայացնեմ ստեղծագործական դաշտում»: Մեր զրուցակիցը նշեց, որ սցենարում մայրն իր որդուն ներկայացնում է հզոր քաղաքակրթություն ունեցող Արարտայի պատմությունը. «Մ.թ.ա. տասնյակ հազարամյակներ առաջ ճշմարիտ աստված երկրագնդի վրա կյանք տվեց մարդուն, իր իսկ պատկերով նա բազմացավ՝ տալով սերունդներ, որոնք իրենց անվանեցին արմեններ, որպես Ար աստծո մարդիկ:
Ար-ը ժողովրդին ստեղծեց հողից եւ արմենները չմոռացան մայր հողի աստվածուհուն՝ տալով նրան Հայա անունը, որպես միակ ճշմարիտ աստծո կին, երկիրն էլ կոչվեց Արարտա»: Ներկայացումը պատմում է Արի դստեր մասին, ով ծնվում եւ կորչում է ժամանակի մեջ: Բայց հետեւելով հայոց պատմության ընթացքին, նա հայտնվում է մեր՝ Արցախյան ազատամարտի ժամանակներում: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ աշխարհը մեզ գիտի որպես արմեններ ու կարծում է, որ այդ անունն ունի ավելի խորը արմատներ: «Եթե փորձեմ բացել այն, կստացվի Ար աստծո մարդիկ: Ըստ իս՝ մինչեւ հայեր կոչվելը Հայկական լեռնաշխարհի մարդիկ կոչվել են արմեններ: Շատ անգամ այդ նույն արմեններին սցենարիս մեջ տալիս են նաեւ արարտացիներ անունը՝ պարզ պատճառով՝ որովհետեւ այդ ժողովուրդն ապրել է Արարտայում»,- հայտնեց Լուսին:
Դիտարկմանը, թե փաստորեն ներկայացումը դիտելիս կծանոթանանք նախահեթանոսական Ար աստծուն, սցենարիստը պատասխանեց. «Ար աստծուց ես անցում եմ կատարում դեպի մեր քրիստոնեական աստված, հենվելով Պարիս Հերունու հետեւյալ մտքին՝ հայերն առաջինը ընդունեցին քրիստոնեությունը, որովհետեւ հազարամյակներ առաջ իրենց մեջ կար միակ աստծո գաղափարը: Կարճ ասած՝ փորձել եմ նույնացնել Ար եւ քրիստոնեական աստվածներին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.09..2015