Գորտնուկները խիստ տարածված մաշկային գոյացություններ են։ Դրանք առաջանում են վիրուսների միջոցով, այդ պատճառով համարվում են վարակիչ հիվանդություն։ Գորտնուկների առանձին տեսակներ առաջանում են մարդու մարմնի որոշակի շրջաններում։ Լինում են սովորական, տափակ (պատանեկան), սրածայր եւ թելանման գորտնուկներ։ Առավել ուշ տարիքում առաջացած ծերունական գորտնուկները համարվում են թվարկածներից տարբերվող նորագոյացության առանձին տեսակներ։ Մասնագետները նշում են, որ գորտնուկների խմբին են պատկանում նաեւ որոշ բնածին նորագոյացություններ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն գորտնուկների հետ, բացի արտաքին նմանությունից։
Սովորական գորտնուկները հանդիպում են առավել հաճախ։ Դրանք առաջանում են ցանկացած տարիքում, հաճախ երեխաների եւ երիտասարդ մարդկանց մոտ։ Տարածված են սովորաբար դաստակի հետեւի կողմում, ձեռքերի մատների, հազվադեպ ոտնաթաթի վրա, որոնք ներկայացնում են կլորավուն, ամուր, դեղնագորշավուն գույնի, չոր եղջերային հանգույցներ, կորեկի հատիկից մինչեւ եգիպտացորենի հատիկի մեծության, անհարթ մակերեսով։ Սովորաբար դրանք ցավոտ չեն, տարածված են միայնակ, բայց երբեմն մի քանի հատով։ Գորտնուկները հեռացվում են դժվարությամբ, բայց գոյություն ունեն դրանց հեռացման շատ եղանակներ եւ միջոցներ։ Հաճախ դրանք անհետանում են իրենք իրենց։ Որոշ մարդկանց մոտ դրանք կարող են անհետանալ նույնիսկ ներշնչմամբ, բավական է, որպեսզի գորտնուկներ կրողը խորապես համոզված լինի այդպիսի ներգործության արդյունավետության մեջ։ Գորտնուկները բուժելու համար գոյություն ունեն նաեւ ժողովրդական շատ միջոցներ` թզի հյութ կամ կաթ քսելը, սխտոր կամ հում կարտոֆիլ վրան դնելը, փշատերեւից սպիրտային թուրմ խմելը։
Օգտակար է նաեւ հետեւյալ բաղադրատոմսը. 2 ճաշի գդալ մանրացրած հազրեվարդ, նախապես աղացած քառորդ նարինջ եւ կես կիտրոն, 1 ճաշի գդալ մշկընկույզ, 1 թեյի գդալ մեխակ համեմունքային, 100 մլ վարդի ջուր եւ 50 մլ օղի։ Խառնուրդը մութ եւ հով տեղում թրմել` կիպ փակված տարայի մեջ` պարբերաբար թափահարելով։ 72 ժամ անց քամել եւ օրվա մեջ 2-3 անգամ մշակել մաշկը։ Օգտագործվում է նաեւ զանազան թթուներով եւ այլ կծու սոդաներով այրումը (սալիցիլա եւ կաթնաթթվով, արծաթի նիտրատով)։ Երբեմն բավական է այրել առաջինը հայտնված գորտնուկը եւ առանց բուժման անհետանում են նաեւ մյուսները։
Տափակ գորտնուկները նկատվում են ամենից հաճախ դեմքի, պարանոցի, մեջքի վրա, դաստակների հետեւի կողմում։ Դրանց մակերեսը հարթ է, դեղնադարչնագույն եւ դրանք հազիվ են բարձրանում մաշկի մակերեսի մակարդակին՝ հիշեցնելով ոսպի հատիկի մեծության մանր բծեր։ Այդպիսի գորտնուկների հայտնվելը դեմքի վրա ստեղծում է տհաճ տպավորություն։ Գորտնուկները հեռացնելու ժողովրդական միջոցներից են դրանց վրա փայտի մոխիրից պատրաստած խյուս քսելը: Բուժում են նաեւ պոդոֆիլինի 30% սպիրտային լուծույթով, ածխածնի երկօքսիդի եւ ացետոնի խառնուրդ քսելով, բայց միայն բժշկի միջոցով, քանի որ վտանգավոր է։
Սրածայր գորտնուկները գտնվում են շփվող կամ լորձունքոտ, քրտնքոտ տեղերում` բերանի անկյուններում, քթանցքների մոտ, արտաքին սեռական օրգանների վրա եւ այլն։
Տարիքային գորտնուկները կոչվում են նաեւ ճարպահոսող: Դրանք առաջանում են 40-50 տարեկանում եւ առավել ճիշտ կլիներ դրանք անվանել տարիքային գորտնուկներ։ Առավել հաճախ լինում են մեջքի վրա, բայց հնարավոր է առաջանան նաեւ մարմնի մյուս մասերում, հատկապես կրծքի եւ ուսերի վրա։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.09..2015