«Մենք մեր աշխատանքն ենք կատարել եւ հանդիպել ենք: Սա պատգամավորի կատարելիք աշխատանքն է: Սերժ Սարգսյանի հրավերը եղել է կուսակցությունների ղեկավարներին, նրանք քննարկել են եւ իրենց որոշումը կայացրել են: Սա խմբակցություն է, որը ԱԺ մարմին է: ԱԺ եկել է օրենքի նախագիծ կամ փաստաթուղթ»,- Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպես էր մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության՝ Սերժ Սարգսյանի հրավերը մերժելու որոշումն ու Ռուբեն Հակոբյանի հետ իր մասնակցությունը Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը:
«Իրենք մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպել են՝ որպես անհատ անձինք: Նրանք չեն հանդիպել՝ որպես խմբակցության անդամներ, որովհետեւ կուսակցությունը որոշում ունի այդ գործընթացի հետ կապ չունենալ, հետեւաբար իրենք չեն ներկայացնում կուսակցության կարծիքը,- այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Մեր դիտարկմանը, որ Թեւան Պողոսյանն այլ բան էր ասում՝ Զարուհի Փոստանջյանը միանգամից ընդհատեց՝ ասելով. «Իրենք չեն ներկայացնում խմբակցության կարծիքը, իրենք, որպես անհատ, ներկայացնում են իրենց անձնական կարծիքը: Կուսակցությունն այդ գործընթացի մեջ չի մասնակցում: Իրենց բացատրությունները իրենց ասեք, բայց իրենք չեն ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության կարծիքը»:
Մեր դիտարկմանը, որ ըստ Թեւան Պողոսյանի, պատգամավորը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինքը ինչի մաս է կազմում կամ իրենք ինչի մասն են կազմում, ինչ են ցանկանում անել: Կարող եմ ասել, որ «Ժառանգություն» կուսակցությունն ունի որոշում, որ չի մասնակցում այդ գործընթացին, եւ իր կարծիքը հրապարակավ հայտնել է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ չե՞նք կարող Սահմանադրության փաստաթուղթը դիտարկել որպես օրենքի նախագիծ, որը մտնում է ԱԺ եւ ինչ-որ ընթացակարգ է անցնում, խմբակցություններն են քննարկում, այդ պարագայում պատգամավորները պարտավոր չե՞ն մտնել քննարկման դաշտ՝ Զարուհի Փոստանջյանն այսպես բացատրեց. «Սա ուղղակի միտված է մեր պետության անկմանը: Այդպիսի գործընթաց է փորձում իրականացնել Սերժ Սարգսյանը»:
Մենք ճշտեցինք, երբ Սահմանադրությունը ԱԺ-ում քննարկվի, «Ժառանգություն» այդ ժամանա՞կ էլ չի մասնակցելու քննարկմանը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք ասել ենք՝ մենք դեմ ենք քվեարկելու: Մենք մեր դեմ կարծիքը հրապարակել ենք, անհրաժեշտության դեպքում նորից կհրապարակենք: ԱԺ-ում մենք այդ «դեմ» դիրքորոշումն ենք առաջ մղելու»:
Խմբակցությունը եւ կուսակցությունը, ըստ Ձեզ, մեկ ընդհանուր քաղաքական մարմի՞ն են, պետք է այն ընկալել ամբողջության մե՞ջ, թե՞ խմբակցությունն ինչ ուզենա, կարող է անել՝ որպես առանձին մարմին: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Քանի որ խմբակցությունում կան ոչ կուսակցականներ, ովքեր կուսակցական գաղափարը, որը պետք է համահունչ լինի հայ ժողովրդի շահերի հետ, եթե նրանք առաջ չեն տանում, ապա չեն կարող ներկայացնել կուսակցությունը, ոչ էլ կարող են կուսակցության անունից հանդես գալ: Նրանք անհատներ են»:
Տիկին Փոստանջյանը հիշեցրեց, որ երբ առաջին անգամ Սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հրավերով Բաղրամյան 26 գնացին «Ժառանգության» անդամները, այդ ժամանակ էլ որոշում չեն ունեցել, որ պետք է գնալ այդտեղ կամ որեւէ կերպ մասնակցել այդ գործընթացին. «Մեր ժողովրդի համար դա արդար եւ նպաստավոր գործընթաց չէ, որ մասնակցենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Զարուհի Փոստանջյանը ճիշտ է: Սերժ Սարգսյանը իր այս նոր նախաձեռնությամբ հեռացնում է հայ ժողովրդին իր իրական խնդիրներից: Մեր ժողովրդին ահրաժեշտ են իր Հայրենիքում ապրելու և աշխատելու պայմաններ, ինչը Սահմանդրությամբ չէ, որ պետք է ստեղծվի:
Միանգամայն ակնհայտ է, որ այսօրվա քաղաքական ուժերը հեռացել են ժողովրդից և գործում են իրենց անձնական նեղ շահերից ելնելով: