ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը այսօր դատապարտել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից Խադիջա Իսմայիլովային 7.5 տարվա ազատազրկելու վճիռը:
«Իսմայիլովայի նկատմամբ առաջադրված մեղադրանքները եւ դատաքննությունն անարդար են. նրանք եւս մեկ ազդանշան են արձակում, որ իշխանությունները շարունակում են լռեցնել Ադրբեջանում ելույթ ունեցողներին»,- ասել է Միյատովիչը եւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել լրագրողների հետապնդումը:
Նիլս Մուժնիեկսն էլ նշել է, որ Խադիջա Իսմայիլովան վճարում է իր քաջ աշխատանքի համար որպես հետաքննող լրագրող մի երկրում, որտեղ քննադատական ձայները մեկը մյուսի հետեւից լռեցվում են. «Այս դատավճիռը եւս մեկ հարված է հասցնում Ադրբեջանի մարդու իրավունքներին, ժողովրդավարության հավատարմությանը եւ օրենքի գերակայությանը»:
Հայտարարություն է տարածել նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, որում նշված է, թե ցնցված են լրագրողի պատժաչափով: «Խադիջա Իսմայիլովայի երկար ազատազրկման դատապարտելը, ցավոք, զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանի դատական համակարգի գործառույթը կարծես թե օրենքի ոտնահարմամբ պետական ճնշումների ապահովումն է»,- հայտարարել է կազմակերպության Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի տնօրեն Ջոհան Բիրը:
Կարդացեք նաև
Բիրը նաեւ նշել է, որ Իսմայիլովայի միակ հանցագործությունը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան խիզախությամբ եւ համառությամբ ուսումնասիրել են. «Դատավարությունը շատ հզոր վախեցնող հաղորդագրություն է ուղարկում իր բոլոր գործընկեր լրագրողներին Ադրբեջանում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ