Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զորաց քարերում շարունակվելու են հետազոտությունները

Սեպտեմբեր 01,2015 19:22

Զորաց քարեր պատմամշակութային արգելոց-համալիրի վերաբերյալ տարբեր թվագրություններ են նշվում մասնագիտական գրականության մեջ` մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներ, մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներ և այլն:

2009 թ., ՀՀ կառավարության որոշմամբ, Զորաց քարեր հնագիտական բնակատեղին իր բացառիկ դերի ու կարևորության համար արգելոց-մասնաճյուղի կարգավիճակով ներառվել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:

Հուշարձանը 20-րդ դարի սկզբից ժամանակ առ ժամանակ ենթարկվել է ոչ պարբերական հետազոտությունների: Հետազոտված նյութերի մի մասը հանձնվել է Սիսիանի երկրագիտական թանգարանին: Հետագա տարիներին հուշարձանի տարածքում պեղումներ և ուսումնասիրություններ չեն իրականացվել:

Միայն 2013 թ.  ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից արգելոց մասնաճյուղի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 3 միլիոն դրամ է հատկացվել, և 2014 թվականից վերստին սկսվել են Զորաց քարերի պեղման և ուսումնասիրության աշխատանքները՝ պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ:

IMG_8679 IMG_8717 IMG_8725

Այդ ծրագրով իրականացվում են ոչ միայն հուշարձանի պեղման և բացված տեղամասերի ծածկման, այլև հուշարձանին վերաբերող նյութերի հավաքման, մշակման, պեղված տարածքի չափագրման, տեղանքի հանույթի հանման, հայտնաբերված հնագիտական արժեքների վերականգնման ու ամրակայման աշխատանքներ:

«Ամեն տարի որոշակի չափով գումար է ներդրվում Զորաց քարերում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար (պարսպի, տարածքի մաքրման և այլն):

Գիտական առումով սա բավականին ուսումնասիրված հուշարձաններից է: Ուսումնասիրությունների առատությունից էլ բազմակարծություն է ստեղծվել այդ հուշարձանի ստեղծման ժամանակահատվածի և այլ հարցերի վերաբերյալ՝ դրանով իսկ այն դարձնելով շատ ավելի հետաքրքիր: Զորաց քարերը լուրջ ներուժ ունեցող հուշարձան է, որի հետ կապված դեռ շատ բացահայտումներ են լինելու»,- օգոստոսի 31-ին Զորաց քարեր կատարած իր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

2014 թ. իրականացվել են արգելոցի տարածքի (50 հա) սահմանների ճշգրտման և նշահարման աշխատանքներ, ցանկապատվել է արգելոցի տարածքի մի մասը՝ 1350 մ երկարությամբ: Երթևեկությունը և տուրիստական ավտոբուսների երթերը կարգավորելու համար հուշարձանի պահպանական գոտու մուտքի մոտ  իրականացվել են ավտոկայանատեղիի, թանգարանի շենքի և վարչատնտեսական մասի նախապատրաստման հողի հարթեցման աշխատանքներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930