Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով այս օրերին Ստեփանակերտում են Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին և Եվրախորհրդարանի, ԵԱԴ անդամ Ջորդի Սեբաստիան:
ԵԱԴ պատվիրակությունն իր հանդիպումները մեկնարկել է այսօր՝ Արցախի պետական համալսարանում, որտեղ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի համար դասախոսությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիան:
«Ինչպե՞ս լուսաբանել բնականոն կյանքը հակամարտության պայմաններում» թեմայով զեկույցում Ջորդի Սեբաստիան, մատնանշելով ԼՂ օրինակը, ընդգծել է, որ չնայած գոյություն ունի հակամարտության խնդիր՝ Արցախը կոնֆլիկտ չէ, և լուսաբանելիս շեշտադրում պետք է արվի առավելապես խաղաղ կյանքին, ձեռք բերված ժողովրդավարական արժեքներին, արժեքավոր պատմամշակութային ժառանգությանը և հարուստ խոհանոցին: Զեկուցողը առաջարկել է մշակել տեղեկատվական ոլորտի ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա աշխարհին ներկայացնել Արցախի առավելություններն ու ձեռքբերումները, դրանով իսկ մեծացնելով երկրի նկատմամբ հետաքրքրվածությունը:
Կարդացեք նաև
«Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ, ինքնիշխան ապրելու իրավունքը և իր ժողովրդավարական արժեքներով կարող է օրինակ դառնալ այլոց համար»,- նշել է Ջորդի Սեբաստիան:
Հանդիպման ավարտին մասնակիցները բանախոսին հարցեր առաջադրելու հնարավորություն են ստացել:
Առաջիկա օրերին պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Արցախի իշխանությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ և մասնակցել Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին:
Հյուրերին ուղեկցում է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Օչոան:
Արցախի ժողովրդավարական կուսակցություն