ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով Ստեփանակերտ ժամանած Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին եւ Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիային: ԵԱԴ պատվիրակությանն ուղեկցում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է եվրոպական քաղաքական համակարգի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական դաշտի առնչությունները, մասնավորապես ընդգծելով միջկուսակցական ձեւաչափով համագործակցության անհրաժեշտությունը:
Ֆրանսուա Ալֆոնսին նշել է, որ Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է ազգերի ինքնորոշման ճանաչման եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման նույն գաղափարների համար, ինչին նաեւ ձգտում է Արցախը:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկուստեք կուտակված փորձի փոխանակումը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության անդամները:
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ս.թ. ապրիլի 17-ին դարձել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն