Այսօր առավոտից Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ կենտրոնում մեծից փոքր, հագած-կապած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին էին սպասում:
Առավել փոքրիկները, չդիմանալով շոգին ու սպասողական վիճակին նստեցին բակի նստարաններին: Նրանք անընդհատ ուսուցիչներին հարցնում էին` բա ե՞րբ են գալու: Մեր հարցին, թե ո՞ւմ եք սպասում, փոքրիկները ուսերը թոթվում էին` չգիտենք, հյուրեր են գալու:
Այս հաստատությունում, որը գտնվում է Նուբարաշեն համայնքում, խնամվում է 60 երեխա: Այն օժանդակ դպրոցից 8 տարի առաջ վերափոխվել է խնամքի կենտրոնի: Այստեղ են հաճախում նպաստառու ընտանիքների երեխաները, որոնց խնամքը, սոցիալական վատ պայմանների պատճառով, ընտանիքում չեն կարողանում կազմակերպել ծնողները: Արարատի Արտաշատ, Ավշար եւ այլ համայնքներից եւս հաճախող երեխաներ կան:
Արտեմ Ասատրյանը եկավ, երեխաներին հարցուփորձ արեց դասերից, ուսուցիչներին` կենտրոնի պայմաններից, շնորհավորեց «Գիտելիքի օրվա» առթիվ, շրջեց հաստատությունում, հետաքրքրվեց կենտրոնի խնդիրներից: Նախարարի համար ասմունքած երեխաներին էլ որպես նվեր պայուսակ տվեցին, մնացած երեխաները գրենական պիտույքներ ստացան:
Գրադարանավարուհին պարոն Ասատրյանին ասաց, որ մանկական գրքերի պակաս ունեն: Շրջայցի ժամանակ պարոն Ասատրյանին ուղեկցող Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանն ասաց, որ համայնքը գրադարան ունի եւ ինչ գրքի կարիք, որ ունեն կարող են համայնքի գրադարանից օգտվել:
Այստեղ մի ամբողջ շաբաթ երեխաներն ապրում են, սնվում, դասերը պատրաստում, մասնակցում վարսավիրության, կարուձեւի խմբակների, կոշկակարի արհեստ սովորում: Կրթությունն էլ ստանում են Նուբարաշենի հանրակրթական դպրոցներում, սակայն դպրոցից հետո մյուս երեխաների պես ոչ թե տուն են գնում, այլ՝ խնամքի կենտրոն:
Կարդացեք նաև
24 տարի այս կրթօջախում փոխտնօրեն աշխատած, ներկայումս էլ մեթոդիստ համակարգողի պաշտոնը զբաղեցնող Լարիսա Միրզոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տարվա մեր երկու անգամ երեխաներին հագուստ է տրվում, անձնական օգտագործման իրեր: Նրա խոսքերով, պատահում է, որ շաբաթը լրանալուց հետո էլ ծնողները երեխաներին չեն վերցնում եւ ոմանք անգամ շաբաթ-կիրակի օրերին այստեղ են մնում:
Մեր հարցին, թե երեխան որքա՞ն կարող է հաճախել այս կենտրոն, տիկին Միրզոյանն ասաց, որ տուն վերադարձի ծրագիր էլ ունեն. երբ ընտանիքի վիճակը լավանում է, այսինքն` ընտանիքը դուրս է գալիս նպաստառուների ցանկից, երեխան վերադառնում է ընտանիք:
Արտեմ Ասատրյանի խոսքերով, պետք է երեխային խնամքի հաստատություններ տանելու պատճառները վերացնեն, որպեսզի երեխան չհայտնվի ընտանիքից դուրս, այսպիսի հաստատություններում, սակայն, թե երբ սոցիալական ծառայությունները կմոտեցվեն ընտանիքին, երբ կունենանք ընտանիքի կողքին կանգնած համակարգ, որպեսզի ծնողը աղքատությունից դրդված երեխային չհանձնի մանկատուն, գիշերօթիկ եւ այլն: Արտեմ Ասատրյանն ասաց, որ ներկայումս իրավական կարգավորումներ են ընթանում եւ գործընթացն աստիճանաբար առաջ է գնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ