Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի կրթամշակութային օջախների առաջնահերթ խնդիրները

Սեպտեմբեր 01,2015 17:47

Սիսիան քաղաքում կրթամշակութային հաստատությունների պահպանման հիմնախնդիրները գլխավորապես կապված են կառույցների հիմնանորոգման և սոցիալական հարցերի հետ:

Օգոստոսի 31-­ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ եղավ Սիսիանի որոշ նմանատիպ կառույցներում, ծանոթացավ դրանց հաջողություններին և խնդիրներին:

95 տարվա պատմություն ունեցող Սիսիանի քաղաքային գրադարանի ֆոնդում 155 հազար 387 կտոր գիրք կա: Գրադարանն ունի շուրջ 4000 ընթերցող: 2013 թ.՝ հանրային գրադարանի կարգավիճակ ստանալուց հետո, քաղաքային գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից համալրվել է նոր գույքով (համակարգիչներ, պատճենահանման սարքեր, գրապահարաններ, աթոռներ), որոշակիորեն թարմացվել է նաև գրականությունը (2014 թ. գրադարանը ստացել է 137 կտոր գիրք):

Pogosyan_4 Pogosyan_2 Pogosyan_1 Pogosyan_5

Գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց գրադարանն էլ ունի այն խնդիրները, որոնք բնորոշ են նաև հանրապետության մյուս գրադարաններին. «Համապատասխան բյուջե չունենք գրադարանը նոր գրականությամբ համալրելու համար: Մասնագիտական և մանկական գրականության պակաս ունենք: Ճիշտ է, նվիրատվություններ անում են գրադարանին, բայց դրանք հիմնականում այնպիսի գրքեր են, որոնք տեղում արդեն ունենք»,- նշեց գրադարանի տնօրենը:

Նա Հ. Պողոսյանի ուշադրությունը հրավիրեց նաև գրադարանի աշխատակիցների՝ սոցփաթեթներում ընդգրկվածության անհրաժեշտության հարցի վրա: Նախարարն էլ խոստացավ հետամուտ լինել այդ խնդրին. «Կառավարությունն այժմ քննարկում է սոցփաթեթների հարցը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն սկսվել է կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը: Աշխատավարձերի բարձրացման և ֆինանսական մյուս խնդիրները լուծելու համար էլ պետք է ծրագրեր մշակվեն»,- ասաց Հ. Պողոսյանը:

Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցում դիմորդների պակաս չկա, փոխարենը որոշ երաժշտական գործիքների գծով մասնագետների պակաս կա: Դպրոցի ունեցած գործիքներն էլ այնքան հին են, որ արդեն չեն վերանորոգվում. «Մինչդեռ, համապատասխան գործիքներ ունենալու դեպքում կարելի կլիներ նվագախումբ ձևավորել»,- ասում է դպրոցի տնօրեն Ռուբիկ Բարսեղյանը:

Է. Ասյանի անվան երաժշտական դպրոցը նաև վերանորոգման ու ջեռուցման համակարգ անցկացնելու կարիք ունի:

Բավականին վատ պայմաններում է գտնվում Սիսիանի մանկական արվեստի դպրոցը, որը գործում է 1986 թվականից: Սակայն այդ ժամանակից ի վեր լուրջ վերանորոգման չի ենթարկվել. «105 աշակերտ ունեցող այս դպրոցն իսկապես պահանջված է, բայց երբեմն չենք կարողանում բավարարել ծնողների ցանկությունները: Այս պահին մեզ համար առաջնահերթ է դպրոցի հատակի վերանորոգման և ջեռուցման հարցը»,- ասաց դպրոցի տնօրեն Արման Դավթյանը:

Նախարարը խոստացավ համայնքի ղեկավարության հետ քննարկել դպրոցի խնդիրները և հնարավորության դեպքում կիսել աշխատանքը. «Նախ պետք է առաջնային խնդիրները լուծվեն. հատակի հարցը մենք կլուծենք, իսկ ջեռուցման հարցն էլ թող համայնքը լուծի»,- ասաց նա:

Ամփոփելով` Հ. Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Սիսիանում գեղարվեստական կրթություն իրականացնող կառույցների հիմնական, առաջնային խնդիրը հիմնանորոգումն է. «Դա բավականին դժվար հարց է, որովհետև հիմնանորոգումների բյուջեները շատ սահմանափակ են: Դրանք իրականացվում են Քաղաքաշինության նախարարության հատկացրած միջոցների հաշվին: Մենք էլ պետք է փորձենք առաջնահերթությունները որոշելով այդ խնդիրները ժամանակի ընթացքում կարգավորել»,- ասաց նախարարը` ընդգծելով, որ հարցեր էլ կան, որոնք ավելի արագ լուծում կստանան: Խոսքը, մասնավորապես, երաժշտական գործիքների խմբաքանակի, երաժշտական գրականության տրամադրման, նոր դասարանների բացման, նոր առարկաների դասավանդման մասին է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930