Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

Սեպտեմբեր 01,2015 16:58

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈՒՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։

Նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին` հորդորելով լավ սովորել, քանի որ համալսարանական տարիներին են դրվելու նրանց լավ մասնագետ դառնալու հիմքերը: Նախարարը նաև հավելեց, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ են, ովքեր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջոցով համալրել են Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը:

Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Անդրադառնալով այս տարի նշվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Էդվարդ Նալբանյանը նշեց.

«Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ ողջ աշխարհում հիշատակվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման նպատակով արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները տարել են հետևողական աշխատանք:

Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը աշխարհասփյուռ հայության համար պատմական արդարության վերականգնման, ապագա ցեղասպանությունների կանխարգելման ու ժխտողականության դեմ պայքարի տեսանկյունից, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների կառուցման մթնոլորտի ձևավորման առումով:

100-րդ տարելիցը կարելի է նոր սկիզբ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առումով:

Հայոց ցեղասպանության ճանաչման անշրջելի գործընթացն առաջ է ընթանում տարբեր մակարդակներով և ուղղություններով:

Այս կապակցությամբ տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ են հայտարարություններով հանդես եկել։

Հատուկ կցանկանայի առանձնացնել ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագը և նրա հղած կարևորագույն ուղերձը։

Ապրիլի 24-ին Երևանում էին մի շարք պետությունների և միջազգային կազմակերպություններ ներկայացնող տասնյակ բարձրաստիճան պատվիրակություններ, և, իհարկե, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Կիպրոսի նախագահները, ովքեր այս կապակցությամբ հանդես եկան ելույթներով և ուղերձներով:

Հատուկ կարևորություն ունի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի բաժին պատասխանատվության մասին։

100-րդ տարելիցի կապակցությամբ Մեծ Եղեռնը դատապարտող բանաձևեր են ընդունել տարբեր պետությունների օրենսդիր մարմինները` Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Չիլիի պատգամավորների պալատները, Բրազիլիայի, Կանադայի Սենատները և այլ խորհրդարաններ:

Ճանաչման և դատապարտման գործընթացը շարունակվել է նաև միջազգային կառույցների շրջանակներում, որոնց շարքում կառանձնացնեի Եվրախորհրդարանի և Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարյուրավոր պատգամավորների, ինչպես նաև՝ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում ակտիվ դերակատարությունը: Այս ուղղությամբ Հայաստանը տարիներ շարունակ հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով: Այս տարի մարտի 27-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունվեց ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին 72 երկրներ:

Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը և արդարացման փորձերը խրախուսում են նման հանցագործությունների կրկնությունը և խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման նպատակով դիվանագիտա կան ներկայացուցչությունների և համայնքային կառույցների սերտ համագործակցությամբ Հայաստանում և արտերկրում կազմակերպվեցին հազարավոր միջոցառումներ:

Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում հրապարակվել են և եթեր են հեռարձակվել հարյուրավոր հոդվածներ և հաղորդումներ Հայոց ցեղասպանության մասին։

Միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող «Politique Internationale» հանդեսը՝ 330 էջանոց, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որտեղ, ի թիվս այլ հոդվածների, տեղ են գտել ՀՀ Նախագահի, Ֆրանսիայի ներկայիս և նախկին նախագահների հրապարակումները, բազմաթիվ հեղինակավոր ցեղասպանագետների հոդվածներ։

Այս համատեքստում շատ կարևոր նշանակություն ուներ ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որին ներկա էին շուրջ հինգ հարյուր բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հոգևորականներ, գիտնականներ, փորձագետներ ավելի քան 50 երկրներից: Ֆորումի ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Ինչպես գիտեք, ֆորումի մասնակիցների կողմից առաջարկ է հնչել Հայաստանում այդպիսի համաժողովների կազմակերպումը պարբերական դարձնել:

Հայաստանի Հանրապետության Նախագահը հրավիրեց Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին։ Այդ հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի ղեկավարության համար։ Դեռ ավելին, նրանք այդ նույն օրը կազմակերպեցին Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներից»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դասախոսության ընթացքում անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը՝ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930