Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի դպրոց: Մարզպետին ուղեկցել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը:
Մարզպետը հանդիպում է ունեցել դպրոցի աշակերտների, աշխատանքային կոլեկտիվի, ծնողների հետ, շնորհավորել ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մարզպետը դպրոցի աշակերտներին նվիրել է գրենական պիտույքներ, խոստացել, որ այսուհետ եւս աջակցելու է բարեկամավանցի աշակերտներին: Դպրոցի մանկավարժները ներկայացրել են դպրոցի խնդիրները, նաեւ՝ իրենց անձնական հարցերը: Հովիկ Աբովյանը խոստացել է հնարավորության սահմաններում լուծել դրանք:
Նշենք, որ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 23 աշակերտ, այս տարի առաջին դասարան են հաճախել 2 երեխա: Ներկայումս ընթացքի մեջ է դպրոցը ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանող պատի եւ պատուհանների ձեւափոխման աշխատանքները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ