Օրեր առաջ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել էր Լաս-Վեգաս՝ աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները:
Մեկնելուց առաջ մեր ընտրանին «Հավաքականների կենտրոնում» բաց մարզում անցկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ:
«Հավաքականն անցել է պլանավորված բոլոր ուսումնամարզական հավաքները, մասնակցել մրցաշարերին: Գոհ եմ մեր բոլոր մարզումներից ու մրցաշարերից: Տղաները լավ են մասնակցել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Լաս-Վեգասում վեց քաշային կարգերում խաղարկվում են օլիմպիական ուղեգրեր՝ ըստ քաշային կարգերի առաջին վեցյակները: Փորձելու ենք հնարավորին չափ շատ վարկանիշեր ձեռք բերել եւ, բնականաբար, պայքարելու ենք նաեւ մեդալների համար: Ժամանակից առաջ անցնել չեմ ուզում: Մրցագորգը ցույց կտա: Կարեւորն այն է, որ տղաները լավ պատրաստվել են: Մնում է, որ ցույց տան այն, ինչի ընդունակ են: Միանգամից վեց վարկանիշերի ցանկություն կա: Տա Աստված, որ ամեն ինչ կատարվի», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Լաս-Վեգասում մրցագորգ կմտնեն. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 66՝ Միհրան Հարությունյան, 71՝ Վարշամ Բորանյան, 74՝ Արսեն Ջուլֆալակյան, 80՝ Էդուարդ Մարգարյան, 85՝ Մաքսիմ Մանուկյան, 98՝ Արթուր Ալեքսանյան, 130՝ Էդգար Խաչատրյան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ