Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական կրկես (պատմվածք)

Սեպտեմբեր 01,2015 15:19

Հովհարաձև լեռան ժայռոտ բարձունքներից առյուծների պրայդը սրընթաց գալիս էր դեպի քաղաք։ Դա աննախադեպ և աներևակայելի բան էր, այն էլ այնպիսի երկրում, ուր առյուծներ չեն լինում։ Քաղաքը խուճապից քարացել էր. Տեր Աստված, սա մղձավանջային երա՞զ է, թե՞ պատուհաս…

—Հե՜յ…հե՜յ…այստեղ սարսափելի բան է կատարվում,– լռության մեջ տարածվեց ինչ–որ մեկի աղաղակը,– սա աշխարհի վերջն է, փախե՜ք, փրկեցե՜ք ձեզ…

– Օյե՜…մի անհանգստացեք, ա՜յ, ժողովուրդ,– ի պատասխան հնչեց կանացի մի ձայն,– մի լսեք այդ ծաղրածուին, ես նախամայր Մեյն եմ՝ չինական կրկեսի թագուհին, դրանք իմ առյուծներն են, ինձ մոտ են գալիս։ Ձեր բախտն այսօր բերել է. ես եկել եմ ձեզ ներկայացնելու չինական կրկեսի հրաշքները…

Ակամայից բոլորը շրջվեցին դեպի ձայնը. իրենց դեմ կանգնած էր բարակիրան մի չինուհի՝ մինչև գետին իջնող արքայական կապույտ զգեստի մեջ, դեմքը բալենու ծաղկի պես թարմ ու հմայիչ, նուրբ թարթիչների միջից նայող բիբերը ձիթապտղի պես սև, խիտ վարսերը՝ գլխին կոնաձև փաթաթած։

Մինչ ժողովուրդը բերանը բաց լսում էր չինուհուն, առյուծներն արդեն իրենց տիրուհու մոտ էին։ Մեյն, առանց հապաղելու, բարձր ու սիգաճեմ մի թռիչքով բազմեց առջևից եկող թավաբաշ ու խպիպավոր մեծ առյուծի վրա։

–Օ՜, ժողովուրդ,–չինուհին հաղթական նայեց թավաբաշի վրայից,– այս առյուծներն ավելի բարի են, քան՝ մարդիկ։ Այս առյուծներն ինձ հետ են դեռ այն ժամանակներից, երբ երկինքն ու երկիրը քաոսի մեջ էին, ինչպես սպիտակուցն ու դեղնուցը ձվի ներսում։ Իմ եղբայր Լին ու իմ քույր Չուն երկինքն ու երկիրը բաժանեցին միմյանցից. Լին երկինքը բարձրացրեց վեր, իսկ Չուն երկիրը մղեց ցած։ Բայց տիեզերքի անդուլ աշխատողն իմ մյուս եղբայր Սենն է. եթե Ծիր– Կաթինում աստղակուտակների փլուզում է սկսվում, Սենը կանխում է այդ աներևակայելի աղետը և վերացնում աստղերի շարժման շեղումները։Իսկ երբ ճեղք է տալիս երկնակամարը, և տիեզերքի ջրերն ուզում են գահավիժել ցած, Սենը հավաքում է հազարամյա եղեգնուտների ծանր մոխիրը և փակում այդ ճեղքը։ Իսկ Ես՝ Մեյս, անուղղելի ճանապարհորդ եմ, սիրում եմ թափառել աշխարհից– աշխարհ, աստղից– աստղ։ Ինչպես տեսնում եք՝ այսօր ձեր հյուրն եմ իմ առյուծների հետ։

—Այս կինը խենթանալու բաներ է ասում,– շշնջաց ճաղատ գլխով տարեց մի քաղաքացի իր կողքին կանգնած արևածաղկի գույնի բերետով և մինչև կզակն իջնող բարակ այտամորուսներով պճնամոլի ականջին։

Չինուհին սևեռուն նայեց ճաղատ գլխով քաղաքացուն, հասկացնելով, որ լսեց նրան, ապա դարձավ առյուծներին.

– Հապա, արագ շարվեք շրջանաձև և ողջունեք այս խիզախ և արժանապատիվ մարդկանց, որոնց քիչ հետո պիտի ցուցադրեք, թե կրկեսային արվեստի ինչպիսի ձիրք եք բերել այստեղ։

Առյուծները, վայրկենապես շարվելով շուրջանակի, բարեկիրթ արտիստների նման խոնարհեցին իրենց հպարտ գլուխները։

–Նորից նույնը, հա՞,– Մեյը բարկացած նայեց իր թավաբաշին, որը կարծես թե համառում էր՝ կատարել թագուհու հրահանգը,– է՜յ, Սեն,– ձայն տվեց չինուհին,– թավաբաշի մտքով անցնում է՝ ինձ պոկել իր վրայից, հապա դաղիր սրա դունչը, որ խոհեմության պակաս չունենա։

Սենը՝ միջինից բարձր, ձիգ կեցվածքով, մինչև ճտքակոշիկներն իջնող բալենու մուգ գույնի ծանր թիկնոցով, ձյութի պես սև ու խիտ վարսերը խնամքով կոկած, մետաղափայլ խոշոր աչքերով, ընդ որում, աջն աննշան թեքությամբ բարձր ձախից, դեմքի զգայուն մաշկով, հայացքն ավելի սուր, քան՝ մազն օդում հատող ածելին, վայրկենապես կանգնեց Մեյի կողքին։ Նա բարձրացրեց աջը, և ձեռքի մեջ հայտնվեց հին ոսկու սքանչելի փայլով ծանր ու հյուսկեն մի գավազան՝ չինական բարձրարվեստ սկահակի նման գլխով։ Սենը գավազանի պղնձադեղին ծայրը դեռ չէր հասցրել թավաբաշի կոշտ ու խոշոր դնչին, երբ վերջինս, խոր թառանչ արձակելով, ծալեց ոտքերը և գլուխը դրեց գետնին։

–Բավ է, Սեն,– ասաց չինուհին,– նրան թվում էր, թե սովորական առյուծ է և կարող է անել՝ ինչ–որ կամենա, բայց արդեն ամեն ինչ հասկացավ, և մյուսներն էլ հասկացան։ Սիրելի հանդիսատեսներ,– շարունակեց Մեյը,– առյուծներն արդեն պատրաստ են հանդես գալու և ձեզ համար կպարեն «Չարլստոն»։

Կրկեսի թագուհու հարևանությամբ հայտնվեց նվագախումբը՝ դաշնամուր, թավջութակներ, հարվածային գործիքներ…

– Նվագախումբը որտեղի՞ց եկավ,– հարցրեց տարեց քաղաքացին պճնամոլին։

– Երուսաղեմից,– հեգնեց պճնամոլը,– չես տեսնու՞մ, որ սրանք ալաբուլա մարդիկ են, ավելի ճիշտ՝ հայտնի աճպարարներ, ի՞նչ ասես, որ չեն կարող անել, ահա նայիր՝առյուծներն արդեն պարում են «Չարլստոն»։

Առյուծները… չարլստոն…Դա հրաշք էր, ավելին, քան՝ հրաշքը. առյուծները ոչ թե պարում, այլ՝ քանդակադրոշմում էին շարժման աներևակայելի հարստությունն ու ռիթմի պայթուցիկ տարերքը։ Առյուծների փառահեղ տեսքն ու չռված թաթերը, թրթռացող ականջներն ու բաշերը, պոչերի հնարամիտ ոլորքներն ու աներևակայելի զգացումային շարժումները հարստացնում էին պարն ու երաժշտությունը։ Մարդն այդպես չէր կարող պարել, ուրիշ ոչ մի կենդանի այդպես չէր կարող պարել։

– Էդ չարլստոնն ստեղծված է առյուծների համար, աչքդ առանց թարթելու կարող ես ամբողջ օրը նայել,– ասաց տարեց քաղաքացին։

– Ոչ միայն ամբողջ օրը, նույնիսկ՝ մինչև կյանքիդ վերջը,– խնդմնդաց պճնամոլը։

Բայց «Չարլստոնը» միայն սկիզբն էր, կրկեսի թագուհին արդեն բացել էր հրաշքների ոսկեզօծ զարդատուփը.

– Ժողովուրդ, ձեզ սպասում է էլ ավելի հաճելի անակնկալ,– հայտարարեց չինուհին,–իմ առյուծները ձեզ կներկայացնեն «Սուսերով պարը»։

Հրապարակում հայտնվեց սիմֆոնիկ նվագախումբը՝ այնպիսի հարուստ գործիքավորմամբ, որպիսին տեսած չկար այդ մեծ քաղաքը. ջութակներ, թավջութակներ, շեփորներ, փողային գործիքներ, ինչպես նաև՝ գաբոտ, կլարնետ, սաքսոֆոն, քսիլոֆոն, սրինգ, ֆլեյտա…

– Սեն,– ասաց չինուհին,– հեղինակին չհրավիրե՞նք այստեղ։

– Արամ Խաչատրյանը վաղուց մահացել է, ո՞նց եք հրավիրելու այստեղ,– ամբոխի միջից բարձրաձայնեց ինչ–որ մեկը։

– Ի՞նչ նշանակություն ունի դա Սենի համար,– ասաց չինուհին՝խորհրդավոր ժպիտը դեմքին։

Սենը, ձեռքը դնելով գավազանի՝ սկահակի նման գլխին, փակ աչքերով շշնջաց ինչ–որ բան, և մեծ երգահանը, բազմած ոսկեզօծ գահավորակին, հայտնվեց նվագախմբի մոտ։ Չինուհու նշանով պարահրապարակ իջան սուսերով առյուծները. դա պարերի պարն էր։ Ժողովուրդը գլխապտույտի մեջ էր առյուծների խելահեղ պիրուետներից։ Ընդ որում, յուրաքանչյուր անգամ շրջապտույտները սկսելիս նրանք սուսերները շպրտում էին վեր և շարունակում իրենց անսպառ պիրուետները։ Իսկ այդ ընթացքում ոսկեշող սուսերները նույնպես պարում էին օդում։

Հետագայում այդ քաղաքի բնակիչները շատ անգամ պիտի ասեն միմյանց՝ երջանիկ են նրանք, ովքեր տեսել են այդ պարը։

– Հավանեցի՞ք, մաեստրո,–հարցրեց թագուհին։

– Այդ պարը մրցակցությունից դուրս է,– ասաց երգահանը,– ուրիշ ոչ–ոք չի կարող պարել այդպես հմայիչ ու կատարյալ։

– Այդ պարը… ոչ մի բան չեմ հասկանում… դա պատրանք է…,– զառանցանքի պես կրկնում էր միջին տարիքի հաճելի արտաքինով մի մարդ, որը քաղաքում հայտնի էր որպես նշանավոր պարուսույց։

– Կեցցեք, իմ առյուծներ, ես նույնպես գոհ եմ ձեզնից, հիմա ես ձեզ կհյուրասիրեմ ձեր հավանած գաոլյանով,– ասաց Մեյը և մի բուռ չինական կորեկահատիկներ շպրտեց վեր. ոչ մի հատիկ չմնաց օդում և ոչ մի հատիկ չիջավ գետնին։

– Բարեկամներ,– ասաց չինուհին,– կարծում եմ՝ բավական է, ինչքան պարեցինք։ Մեր կրկեսն ունի հարուստ օրակարգ. այժմ մեր ճարտարվեստ առյուծների օգնությամբ մենք ձեզ կցուցադրենք ձեր Երկիր մոլորակն իր աշխարհամասերով, ծովերով ու օվկիանոսներով…

– Դու հասկացա՞ր նրան,– հարցրեց տարեց քաղաքացին պճնամոլին,– այնպես է ասում՝ կարծես թե Չինաստանը գտնվում է ուրիշ մոլորակի վրա։

–Այդպես է ստացվում էլի,– թուքը կուլ տալով՝ ծկլթացրեց պճնամոլը։

Իսկ մինչ այդ, առյուծներն արդեն, գլուխ– գլխի, ոտնաթաթերն ագուցելով միմյանց, « հավաքում էին Երկիր մոլորակը»։ Հենց–որ առյուծները վերջանում էին, իսկույն նորերն էին հայտնվում։ Վերջապես գունդն արդեն պատրաստ էր և աջակողմյան շարժումով սահուն պտտվում էր Արեգակի շուրջը։ Իսկ առյուծները շարունակում էին հաջորդաբար կերպարանավորել աշխարհամասերը՝ Ասիան, Եվրոպան, Աֆրիկան…

Ապշեցուցիչ իրադարձությունները զարգանում էին այնպիսի արագությամբ, ինչպիսին չի լինում նույնիսկ երազում։ Ժողովուրդը բերանը բաց դեռ նայում էր «Առյուծների՝ մոլորակին», իսկ կրկեսի թագուհին պատրաստ էր մատուցելու նոր անակնկալներ։

– Սեն,– ասաց թագուհին,– ես ուզում եմ սլանալ Չինական Մեծ Պարսպի վրայով և բոլոր կողմերից նայել այս մեծ քաղաքին։

Խոր հարգանքով գլուխ տալով թագուհուն՝ Սենը նույն վայրկյանին քաղաքը գոտեվորեց Չինական Մեծ Պարսպով։

– Էս ի՞նչ զարմանահրաշ բաներ են կատարվում, աչքիս չեմ հավատում,– ասաց տարեց քաղաքացին։

– Սա զգայազանցություն է,– փիլիսոփայեց պճնամոլը,– մենք երևի՝ չենք տեսնում այն, ինչ որ կա, այլ՝ տեսնում ենք այն, ինչ որ չկա։ Դու հասկանու՞մ ես,– քիթը քսելով տարեց քաղաքացու դեմքին՝ շարունակեց նա,– չի եղել, չկա, բայց տեսնում ենք…

— Ժողովուրդ, սա մոգություն է, ի՞նչ մոգություն… սա ցնորք է,– սարսափից փոթոթվելով՝ ասաց ցմփոր և մեծագլուխ մի մարդ, որը քաղաքում հայտնի էր թերահավատ մականունով,– սրանք Սատանայի մարդիկ են, սրանք կարող են քամել մեր խելքը և զոմբիացնել մեզ…

Թերահավատն ուզում էր ասել էլի ինչ–որ բան, բայց Սենը, որ անվրեպ լսում էր տիեզերքի բոլոր ձայներն ու շշուկները, իր մետաղյա հայացքն ուղղեց նրան, և հազարավոր ասեղներ խոցեցին դժբախտ թերահավատի մարմինը, լեզուն, աչքերն ու ականջները, նույնիսկ՝ ուղեղի քնած և արթուն բջիջները։ Ցնցումն այնքան ուժգին էր, որ նույն վայրկյանին կիսով չափ փոքրացավ նրա հաստ գլուխը, ուռուգեր դեմքից մնացին միայն մաշկն ու այտոսկրները, լեզուն սևակուճի նման կպավ սառած քիմքին, իսկ կաթվածահար մարմինն անհույս կախվեց շապիկի հնամաշ պատերից։

– Տո, ի՞նչ պատահեց քեզ, շարունակիր խոսքդ, ոնց–որ թե ճիշտ բան էիր ասում,– կողքից բրթեց տարեց քաղաքացին։

Թերահավատը, որ արդեն քիչ–քիչ ուշքի էր գալիս, ուժերի ծանր լարումով մի կերպ նշան արեց, որ ձայն–ծպտուն չհանեն։

– Ինչո՞ւ, ինչո՞ւ,– հարցրեց պճնամոլը։

Թերահավատը, պատասխանելու փոխարեն, աջ ձեռքի ափով փակեց բերանը։

Չինական կրկեսի հմայքը համակել էր ժողովրդին. բոլորն անքթիթ նայում էին, թե առյուծների պրայդն, ինչպես է թագուհուն բարձր պահած, ձայնի արագությունից էլ արագ սլանում Չինական Պարսպի վրայով։

– Գեղեցիկ քաղաք ունեք,– ավարտելով առյուծավազքը՝ ասաց թագուհին,– ես մեկ միլիոն տարի հետո հաճույքով նորից այցի կգամ ձեզ, եթե միայն քաղաքը և դուք լինեք այստեղ։

– Ես խիստ կասկածում եմ, որ մեկ միլիոն տարի հետո դուք կարողանաք մեզ գտնել այստեղ, բայց մեր քաղաքը հաստատ կլինի,–ասաց տարեց քաղաքացին։

– Ուրեմն հանդիպումն էլ կլինի,– ժպտաց չինուհին և շրջվեց դեպի Սենը,– սիրելիս, կանեփաճոպան կախիր Արարատից մինչև Հիմալայներ, մինչև՝ Ջոմոլունգմա…

Ժողովուրդը նայեց. կանեփաճոպանն արդեն կախված էր։

– Կարմիր վիշապի տարին է,– շարունակեց Մեյը՝ քնքշությամբ շոյելով խպիպավոր մեծ առյուծի փառահեղ բաշը,– Սեն, խպիպավորին դարձրու կարմիր վիշապ…

Սենն իր ամենակարող գավազանը հպեց առյուծին, և թավաբաշը նույն պահին փոխակերպվեց առասպելական կարմիր վիշապի՝ հսկայական պոչը քսելով կանեփաճոպանին։

–Պահն է գնալու,– նախամայր Մեյը թախծոտ ժպիտով նայեց ժողովրդին,– Ես անուղղելի թափառական եմ և ոչ մի տեղ երկար չեմ նստում. դա է իմ կյանքը։ Բարո՜վ մնաք, բա՜րին ընդ ձեզ, Արարատի դիմաց ապրող հնամյա ժողովուրդ,– ասաց բոլոր ժամանակների ամենագեղեցիկ թագուհին և, թռիչքի կոչելով կարմիր վիշապին, հայտնվեց կանեփաճոպանի վրա։

Երկնային շքերթը սկսված էր. ժողովուրդը, շունչը պահած, նայում էր, թե ինչպես է չինական կրկեսի թագուհին կարմիր վիշապի և առյուծների քարավանի հետ, ճերմակ ամպերին քսվելով, սլանում դեպի Հիմալայներ, դեպի Ջոմոլունգմա։

– Պարոն Սեն, նրանք պիտի վերադառնա՞ն, թե՞ ոչ,– հարցրեց տարեց քաղաքացին։

–Ոչ։ Նախամայր Մեյը, նավարկելով Ժամանակի գետերի միջով, Հիմալայներից գնալու է Ծիր–Կաթին։ Ես նրան դիմավորելու եմ Առյուծի համաստեղության ամենապայծառ աստղի՝ Ռեգուլի վրա։

– Պարոն Սեն…,–էլի ուզում էին ինչ–որ բան հարցնել նրան, բայց Սենն այլևս չկար, Սենն արդեն Երկրին նայում էր Առյուծի համաստեղության վարդաշող աստղակապերի միջից։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930