Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2015-2016 նոր ուսումնական տարվա առաջին օրը բացվեց բուհի ուսանողների մասնակցությամբ թատերականացված ներկայացումով: Ուսանողները անուն առ անուն ողջունեցին բոլորին, այդ թվում՝ «անալիտիկ ռեկտորատին, անբասիր դեկանատին, ադմինիստրատիվ ճակատում մասնակցող աչալուրջ գործիչներին, տեխնիկական ասպարեզի հմտագույն մասնակիցներին» եւ որ ամենակարեւորն է՝ «տաղանդաշատ ուսանողներին» ու «բուֆետի Սուսան տոտային»:
Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը հենց ինստիտուտի մուտքից ներս մտնողներին ասում էր ՝ շնորհավոր Նոր տարի: Իսկ բեմի վրա նա մանրամասնեց շնորհավորանքի իմաստը. « Ի տարբերություն մնացածի, մենք ունենք այդպիսի հնարավորություն՝ երկու անգամ շնորհավորելու նոր տարին՝ այսինքն՝ սեպտեմբերի 1-ը եւ մյուս նոր տարին»: Իմիջիայլոց եւ ռեկտորը, եւ ուսանողները ներկաներին հիշեցրին, որ լրանում է իրենց բուհի հիմնադրման 70-ամյակը: «Մեր ինստիտուտը 70 տարիների կյանք է ապրել եւ հիմա էլ շարունակում է: Իսկ չծերանալու գրավականը առաջին կուրսեցիների գալն է… Գալիս են ու մեր 70 տարիների բեռն ընկնում է մեր ուսերից եւ նորից դառնում ենք երիտասարդ…Մենք որեւէ մեկին չենք կարող նվիրել շնորհք ու տաղանդ, բայց կարող ենք օգնել, որ շնորհալի մարդիկ դառնան պրոֆեսիոնալ…Իմիջիայլոց, ինչպես տեսնում եք, սովորաբար բեմը բարձր է դահլիճից, իսկ դա խորհրդանշում է, որ արվեստն ավելին է, քան իրականությունը, արվեստը բարձր բեռ է: Արվեստն այդ բարձրությունը բոլորից է պահանջում, լինենք սպիտակահեր մաեստրո, թե երիտասարդ»,-ասաց պարոն Մուրադյանը: Միջոցառման ժամանակ ինստիտուտի պատմության, այնտեղ աշխատած երեւելիների եւ ներկայիս անխոնջ մշակների մասին ֆիլմ ցուցադրվեց:
Ուսանողները երգում էին ճամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մառլիի հայտնի Don’t Worry, Be Happy հիթը՝ սեփական մեկնաբանություններով, օրինակ՝ «Առավոտ շուտ, սեպտեմբերի 1, Don’t Worry, Be Happy», «Այսօր ընկեր Հեքեքյանի ծնունդն է, Be Happy»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ