«Խորապես վշտացած եմ ռազմական եւ պետական հայտնի գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:
Գուրգեն Դալիբալթայանի համար զինծառայությունը սովորական աշխատանք չէր, այլ՝ պատիվ ու նվիրում, որոնց նա հավատարիմ մնաց իր ողջ կյանքի ու գործունեության ընթացքում՝ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս, մարտադաշտում թե հրամանատարական դիտակետում, ռազմական գործողություններ ծրագրելիս, դրանք ղեկավարելիս ու իրականացնելիս:
Գուրգեն Դալիբալթայանի անվան հետ հայկական զինուժի նորագույն պատմության մնայուն էջեր են կապված: Նա կանգնած էր հայոց բանակի ձեւավորման եւ կայացման ակունքներում: Այդ գործընթացին նա մասնակից դարձավ հայրենիքի կանչով՝ Հայաստան վերադառնալով եւ որպես փորձառու կադրային զինվորական իր մեծագույն ավանդն ունենալով եւ գործնական եռանդուն մասնակցություն ցուցաբերելով թե Հայաստանի սահմանների պաշտպանության, թե Արցախի բռնազավթված տարածքների ազատագրման գործին: Այդ եռանդը եւ սպայական ուրույն արժանապատվությունը նրան երբեք չլքեցին:
Անկեղծորեն ցավակցում եմ Գուրգեն Դալիբալթայանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու զինակիցներին եւ կիսում նրանց վիշտը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ