Այսօր «Գիտելիքի եւ դպրության օրվա» առիթով Երեւանի թիվ 155 հիմնական դպրոց այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրատվամիջոցների բազմաթիվ հարցերին, որոնք օրվա խորհրդից դուրս էին:
Հարցին, թե սահմանադրական բարեփոխումներից հետո իրեն ի՞նչ պաշտոնում է պատկերացնում, վարչապետը պատասխանեց. «Առայժմ վարչապետի պաշտոնում: Իսկ սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովուրդը պիտի որոշի»:
Հարցին, թե բարձր պաշտոնի հավակնելո՞ւ է, թե գուցե դուրս գա քաղաքականությունից, Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Միայն բարձր պաշտոնի: Դա ձեզ բավարարո՞ւմ է: Ժողովրդի գործերը մենք պետք է լավ կատարենք, մեր ներքին եւ արտաքին մարտահրավերները լուծենք: Մեզ համար կարեւոր չի պաշտոնը, մեր գերակա խնդիրը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալն է»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կառավարությունում պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, թե ինչո՞ւ մինչեւ հիմա արդարադատության նախարար չի նշանակվում եւ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, թե այդ պաշտոնի թեկնածուների թվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: «Ես միշտ էլ ասել եմ, որ պաշտոնանկություններ միշտ կարող են լինել: Երեկ էլ եմ հայտարարել, որ արձակուրդային ժամանակահատվածը կարծես անցավ եւ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք շատ լուրջ տնտեսական եւ քաղաքական ակտիվություն պետք է ցուցաբերենք: Նկատի ունեմ մեր կառավարությունը, գերատեսչությունները եւ արդեն հանձնարարել եմ, որ հանրությանը ձեր՝ մամուլի հետ ակտիվ աշխատեն:Ինչ վերաբերում է արդարադատության նախարարին, մոտ ժամանակներս կնշանակենք եւ Արփինե Հովհաննիսյանը թեկնածուների թվում կա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ