Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գիտելիքի և դպրության օրն այցելել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր: Տոնական օրը դպրոցում մեկնարկել է տոնական միջոցառմամբ: Ողջունելով ու շնորհավորելով կրթօջախի սաներին և մանկավարժներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է կրթահամալիրի բացառիկ դերը արվեստի, հոգևոր արժեքների հետ շփման և հայրենիքի պատմությունն ու մշակույթը ուսանելու հարցում:
«Երևանի քաղաքապետարանը միշտ եղել և լինելու է հանրակրթական դպրոցների կողքին, և մենք համատեղ ուժերով պետք է ավելի շենացնենք կրթօջախներն ու աշակերտների կրթության համար ապահովենք հարմարավետ պայմաններ: Շնորհակալ եմ մանկավարժներին, ովքեր իրենց կարևոր առաքելությամբ դաստիարակում են հայրենասեր ու հայրենանվեր սերունդ` իրենց իսկ հայրենասիրությունն արտահայտելով աշխատանքով: Կոչ եմ անում բոլոր աշակերտներին ավելի լավ սովորել, շատ գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի կարողանանք շենացնել մեր անկախ Հայաստանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Նոր ուսումնական տարվա սկիզբը «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում հիշարժան դարձավ նաև հայ մեծ նկարչի դիմաքանդակի հանդիսավոր բացումով, որի պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կրթօջախի շրջանավարտ, դիմաքանդակի հեղինակ Անդրանիկ Բաղդասարյանին և կրթահամալիրի տնօրեն Գոհար Սանոյանին:
Կրթահամալիրի տնօրենն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված դիմաքանդակը դարձավ ավանդույթներով հարուստ կրթօջախի խորհրդանիշերից մեկը:
Այնուհետ տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև կրթահամալիրում, ծանոթացել տարբեր տարիների շրջանավարտների աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարան