Ադրբեջանի ներքին գործերի նախարարության եւ դատախազության աշխատակիցներին գործուղել են Մոսկվա, որպեսզի հարցաքննեն ռուս գործարար Գերման Ստերլիգովին: Ըստ Sputnik.az-ի՝ այս հայտարարությունը համատեղ հաղորդագրությամբ արել են Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ դատախազությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Ստերլիգովը եւ իր ընտանիքի անդամները մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանի, անձնագրերի մասին օրենքները խախտելու մեջ. «Նրանք, չունենալով համապատասխան փաստաթղթեր, արգելված վայրում խախտել են պետական սահմանը հուլիսի 4-ին եւ մտել են Ադրբեջանի օկուպացված տարածք»:
Ադրբեջանի գերատեսչությունները նաեւ քննադատել են հուլիսի 13-ին ռուս գործարարի մամուլի ասուլիսը, որը տեղի է ունեցել Շուշիում, եւ այն որակել որպես միջազգային մակարդակով «անօրինական ռեժիմի» քարոզչություն: «Նա անօրինական գործարարությամբ է զբաղվել եւ այդ գործում ներառել է ընտանիքի անդամներին»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ