Սեպտեմբերի 1-ին գիտելիքի, դպրության օրվա առթիվ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց:
Շնորհավորելով աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին նոր ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ՝ նախարարը նշեց. §Հայկական աշխարհում տոն է, քանզի կրթությունը ու գիտությունը հայ ժողովրդի համար դարեր շարունակ եղել է ամենակարևորն ու առաջնայինը: Նարդոսցի լինելը մեծ պատիվ է: Այս դպրոցի հետ մենք վերջին չորս տարիների ընթացքում ավելի ակտիվ ենք աշխատում: Պատճառն այն է, որ սիրիահայ շատ ու շատ երեխաների համար դժվարին օրերին այս դպրոցը և ողջ մանկավարժական կոլեկտիվը հոգատարություն և սեր ցուցաբերեցին, որի շնորհիվ այսօր սիրիահայ դպրոցականները դարձել են Հայաստանի իսկական քաղաքացիներ: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել հիմնական դպրոցի ավարտական դասարանցիներին: Սիրելի՛ աշակերտներ, դուք պե՛տք է լավ սովորեք, շատ գիտելիք ստանաք, քանզի 21-րդ դարում ձեր հետագա ճանապարհը հարթելու ամենահզոր բանալին գիտելիքն է: Սիրով շնորհավորում եմ նաև մեր մանկավարժներին, որովհետև մանկավարժ լինելը ամենաբարդ, բայց և ամենապատվաբեր կոչումն է: Սիրելի՛ մանկավարժներ, ձեր ձեռքում է մեր հասարակության, մեր երեխաների կրթության և դաստիարակության պատասխանատու գործը: Ձեզանից է կախված, թե հետագայում ինչպիսի հայ և քաղաքացի կկերտվի: Դպրոցը մարդակերտումի և հայակերտումի կենտրոն է: Բարի երթ ձեզ, սիրելի՛ երեխաներ¦:
Գիտելիքի օրվա առթիվ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը փոխանցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սուսաննա Գրիգորյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ