Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գևորգ Դանիելյան. «Ծավալուն փոփոխությունները և կառուցվածքը կարող է շփոթ առաջացնել և ընկալվել որպես նոր Սահմանադրություն»

Սեպտեմբեր 01,2015 12:24

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի` երեկ արված հայտարարությունը, թե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ըստ էության չի կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը, այն է` ներկայացնել բարեփոխումների նախագիծ, ոչ թե նոր Սահմանադրություն, որոշ քննադատությունների առիթ դարձավ:

Հանձնաժողովի որոշ անդամներ վիճարկեցին այն հարցը` արդյոք Կիմ Բալայանն ի պաշտոնե իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու, դա նաև որակվեց որպես մասնավոր կարծիք:

Aravot.am-ը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը, որ ներկայացվել է ոչ թե փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Բնականաբար, ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում ամրագրված «սահմանադրական բարեփոխումների նախագիծ» եզրույթը կանխորոշում է մասնագիտական հանձնաժողովի գործունեության սահմանները:

Միաժամանակ, «բարեփոխում» եզրույթն ինքնին չի կարող նույնացվել «իրավական ակտի նախագծի» կոնկրետ տեսակի հետ. բարեփոխման արդյունքում իրավական ակտում կարող են կատարվել ինչպես փոփոխություններ, այնպես էլ կարող է ընդունվել նոր իրավական ակտ:

Քննարկվող դեպքում նախապատվությունը տրվել է փոփոխությունների տարբերակին, ընդ որում, անփոփոխ են մնացել Սահմանադրության այն հոդվածները (1, 2, 114), որոնք կարող էին վերանայվել բացառապես նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում: Տվյալ դեպքում նախագծի կառուցվածքը զուտ խմբագրական հարթությամբ նույնական չէ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի ավանդական կառուցվածքին, սակայն հարկ է նկատել, որ դրանք պարտադիր չեն Հիմնական օրենքի պարագայում»:

Պարոն Դանիելյանը շեշտեց, որ նախագիծը Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին է, ինչի մասին վկայում է ոչ միայն այն փաստարկը, որ դրանում վերանայման կտրվածքով որևէ անդրադարձ չի արվել վերը նշված երեք հոդվածներին, այլև այն, որ դրանում բովանդակային կտրվածքով պահպանվել են գործող Սահմանադրության հիմնարար դրույթները, հատկապես, այնպիսիք, որոնք երբևէ խնդրահարույց կամ վիճահարույց չեն եղել:

Գևորգ Դանիելյանը եզրափակեց. «Իհարկե, կատարվել են ծավալուն ու նաև բովանդակային կտրվածքով էական փոփոխություններ, ինչը, ինչպես նաև ընտրված կառուցվածքը կարող է շփոթ առաջացնել և ընկալվել որպես նոր Սահմանադրություն, սակայն քննարկվող դեպքում նախապատվությունը տրված է փոփոխությունների տարբերակին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930