Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարմիր գրիչը վերցնեմ, վերլուծեմ, մամուլին անգրագետ հանեմ». Գալուստ Սահակյան

Սեպտեմբեր 01,2015 12:10

Այսօր՝ գիտելիքի օրվա առիթով, Դանիել Վարուժանի անվան դպրոց էր այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Տարիներ առաջ նա հենց այս դպրոցում է սովորել: Այսօր ԱԺ նախագահն այցելեց իր դասասենյակ, նստեց այն դասասեղանի առջեւ, որի առաջ նստել էր հիսուն տարի առաջ, երբ այս դպրոցի աշակերտ էր: Լրագրողներին պատմեց, որ շատ հուզիչ էր իր դասարանում աշակերտի պես նստելը. «Անմիջապես անցյալը ժապավենի պես պտտվեց»:

Հարցին՝ ինչու էիք ամենավերջում նստում, ասաց՝ «Չար էի»:

Հարցին, թե Դանիել Վարուժանի բանաստեղծություններից ո՞րը կհիշեք, ասաց. «Չէ, գործ չունեք»:

Հետո ինքը լրագրողներին հարցով դիմեց՝ կարո՞ղ եք Դանիել Վարուժանի իսկական ազգանունը հիշել, հակադարձմանը, թե դուք ասեք, ասաց. «Չէ, չեմ ասի, սովորեք»:

ԱԺ նախագահի պատմելով, դպրոցում ինքը շատ էր սիրում կարդալ ու երբեք չի մտածել, որ մի օր ԱԺ նախագահ կդառնա. «Երբեք չեմ մտածել, որ քաղաքականությամբ կզբաղվեմ, իմ ամենամեծ երազանքը ուսուցիչ ու տնօրեն լինելն էր»:

Հարցին՝ եթե Սահմանադրական բարեփոխումները տապալվեն, ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից, հնարավո՞ր է դասատու աշխատեք, ասաց. «Դրանք նպատակներ չեն, այսօր էլ եմ աշխատում»:

Մեկ այլ հարցին, թե ԱԺ-ո՞ւմ եք դասատու աշխատում, պատգամավորների՞ն եք դաս տալիս, նա շարունակեց. «Ընտանիքիս, հաճախ հանդիպում եմ ուսուցիչների հետ»:

ԱԺ նախագահը, որպես ուսուցիչ, չցանկացավ գնահատել ԱԺ պատգամավորների գրագիտության մակարդակը. «Առավել կարեւոր են վստահելի սկզբունքները, իսկ քննություն չեմ ընդունում, որ իմանամ գրագիտության չափը»:

Դիտարկմանը, թե Սահմանադրության նախագծում կա կետ, որ պատգամավորները պետք է քննություն հանձնեն, պարոն Սահակյանն ասաց՝ դրանով արժեւորում ենք մեր Սահմանադրությունը. «Առանց այդ կետի էլ մեր Լեզվի մասին օրենքն ասում է, որ մեր լեզուն հայերենն է եւ ցանկացած չինովնիկ նախ եւ առաջ պետք է սովորի հայերեն»:

Հարցին, թե Սահմանադրության ընդունումից հետո պատգամավորներից քանի՞սը կկտրվեն հայոց լեզվի քննությունից, քանիսը կանցնեն, Գալուստ Սահակյանը շարունակեց. «Որեւէ դեպքում չի կարելի հայոց լեզվի քննություն անցկացնել, որովհետեւ դա այն մասունքն է, որի հետ խաղ չի կարելի անել: Ցանկացած տեքստ տվեք մամուլին, ես կարմիր գրիչը վերցնեմ ու կետադրության եւ բառակապակցությունների վերլուծություն անեմ, բոլորին հանեմ անգրագետ»:

Հիշելով իր դպրոցական տարիները՝ պարոն Սահակյանը նաեւ պատմեց, որ երբ ինքը Դ. Վարուժանի անվան դպրոցի աշակերտ էր, իր դպրոցը տարածաշրջանում մանրահատակով առաջին դպրոցն էր, եւ իրենք տնից հատուկ ոտնամաններ էին տանում դպրոց, որ մանրահատակը հանկարծ չփչացնեն:

Ավելի վաղ պարոն Սահակյանն ասել էր, որ դպրոցը եկեղեցու նման է, պաշտոնյան պետք է մտնի, որ մաքրվի, լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ամեն տարի դպրոց եք գալիս, որ մաքրվե՞ք:

«Ոչ միայն… դպրոցը մաքրություն է, ինչքան սովորեք դպրոցին, այնքան հասարակությունը կմաքրվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930