Օգոստոսի 26-ին ոստիկանության Իջեւանի պահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանը աշխատանքի վայրում հավաքել է իր ենթակա ոստիկաններին եւ հրահանգել, որ նրանք սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններում «ձայն» բերեն հօգուտ քաղաքապետի թեկնածու, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանի:
Ժողովի մասնակիցներին թերթիկներ են տրվել, որպեսզի նրանք լրացնեն այն անձանց տվյալները, ովքեր կողմ են քվեարկելու Վ. Ներսիսյանին: Այդ թերթիկի օրինակը մեզ է հանձնել ժողովի մասնակիցներից մեկը:
Գագիկ Գրիգորյանն ասել է, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը իրենց ծառայության հետ չի համագործակցում:
Պահակային ծառայության որոշ աշխատակիցներ ասել են, որ իրենք ոչ թե Իջեւանի, այլ տարածաշրջանի գյուղերի բնակիչներ են: Սակայն Գ. Գրիգորյանը նրանց եւս հանձնարարել է Վ. Ներսիսյանի օգտին «ձայներ» բերել:
Կարդացեք նաև
Նշենք, որ Գագիկ Գրիգորյանի քույրը՝ Նարինեն նախկինում եղել է Իջեւանի ավագանու անդամ,միշտ քվեարկությամբ սատարել Վարուժան Ներսիսյանին: Գ. Գրիգորյանի մյուս քույրը՝ Մարինեն նախկինում, Վարուժան Ներսիսյանի քաղաքապետ աշխատելու ժամանակ, աշխատել է Իջեւանի քաղաքապետարանում:
Հավելենք, որ օրենքը իրավապահ համակարգի աշխատողներին, այդ թվում ոստիկաններին, արգելում է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Ակնկալում ենք ՀՀ ոստիկանության պարզաբանումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ