Հուլիս ամսվա ցուցանիշները վկայում են, թե ինչպիսի էական ազդեցություն ունի ռուբլու վարքագիծը Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հոսքերի վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուբլին արժեզրկման փուլում է արդեն շուրջ երեք ամիս, պետք է ենթադրել, որ այս շուկայից ֆիզիկական անձանց կատարած ոչ առեւտրային փոխանցումների անկման տեմպը առաջիկայում նորից կշարունակի խորանալ։ Առանց այն էլ, տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, Ռուսաստանից բանկային համակարգի միջոցով Հայաստան ուղարկվող գումարներն արդեն կրճատվել են գրեթե 285 մլն դոլարով։
Սա հսկայական մեծ ռեսուրս է ոչ միայն հասարակության, այլեւ Հայաստանի ֆինանսական շուկայի ու տնտեսության համար։ Այս պայմաններում ներքին սպառման ոլորտում, ինչպես նաեւ մի շարք այլ շուկաներում նկատվող սահմանափակումները պատահական չեն։
Հասարակության վճարունակ պահանջարկի ձեւավորման հարցում էական նշանակություն ունեն արտաքին ֆինանսական փոխանցումները։ Մինչդեռ տարեսկզբի յոթ ամիսներին դրանց ընդհանուր մուտքերը կրճատվել են գրեթե 36 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ստացվել է շուրջ 512 մլն դոլար։ Այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք գերազանցել էին 796 միլիոնը։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսֆերտների հոսքերի կրճատումը տեղի է ունեցել գերազանցապես ռուսական շուկայի հաշվին՝ ընդհանուր հոսքերում դա հանգեցրել է Ռուսաստանի մասնակցության սահմանափակմանը։ Անցած տարվա ավելի քան 82 տոկոսի փոխարեն այստեղից ուղարկվող գումարների մասնաբաժինը նվազել է մինչեւ 76 տոկոսի։
Համաձայն Կենտրոնական բանկի, այս տարվա յոթ ամիսներին արտաքին շուկաներից ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են ուղարկել ընդհանուր առմամբ 674,3 մլն դոլար։ Սա ավելի քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում բացառապես Ռուսաստանից ստացված գումարները։
Բանկային համակարգով մուտք եղած մասնավոր տրանսֆերտների ընդհանուր նվազումը գերազանցում է 293 միլիոնը։ Միայն Ռուսաստանի բաժինը 284,7 մլն դոլար է։
Տրանսֆերտների հոսքերի որոշակի անկում կա նաեւ մի շարք այլ երկրներից, սակայն դրանց ազդեցությունը ընդհանուր միտումների վրա մեծ չէ։
Ի տարբերություն ռուսական շուկայի, մուտքերն ավելի ակտիվ են Միացյալ Նահանգներից։ Տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, դրանք ավելացել են գրեթե 20 տոկոսով։ ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել շուրջ 67,4 մլն դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 56 միլիոնի դիմաց։
Վերոհիշյալ դրսեւորումների շնորհիվ մեծացել է Միացյալ Նահանգների շուկայի մասնակցությունը Հայաստանի տրանսֆերտային հոսքերի կառուցվածքում. անցած տարվա 5,8-ից հասել է 10 տոկոսի։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում