Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Հարությունյան. «Մենք վերացնում ենք դատական իշխանության կմախքը». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 01,2015 10:35

«Չնայած դատական իշխանությունը համարվում է իշխանության ճյուղերից մեկը, սակայն այդ համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ չներգրավվեց հանձնաժողովի աշխատանքներին. դա, մեղմ ասած` արդար չէ»,- մեզ հետ զրույցում` մինչ նախագծի բովանդակությանն անցնելը, իր դժգոհությունը հայտնեց Փաստաբանների միության անդամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` մասնագետների բացակայությունը համարելով նախագծում առկա բացերի պատճառներից մեկը:

Եվ ուրեմն, ի՞նչ բացթողումներ ու թերություններ են նկատում փաստաբանները:

Նրանցից շատերի մտահոգությունն այն է, որ սահմանադրական նախագծով արդարադատության համակարգը կարող է վերածվել երկու տիրոջ ծառայի: Եթե այժմ մեր հասարակությունն արդարացիորեն դժգոհում է, որ դատական իշխանությունը կախվածության մեջ է գործադիրից, ապա նոր նախագծով դժգոհելու մեկ այլ առիթ էլ կունենա` պարզվում է, դատարանները կախյալ վիճակում կհայտնվեն նաեւ օրենսդիրից: Ո՞րն է խնդիրը:

«Դատական իշխանությունը ֆինանսավորվում է պետբյուջեից, փաստաբաններս մշտապես ասել ենք` դա հնարավորություն է տալիս, որ դատական համակարգը դե ֆակտո գտնվի գործադիրից կախման մեջ»: Բանն այն է, որ սահմանադրական նախագծի համաձայն նաեւ օրենսդիր իշխանությունը կունենա դատարանների վրա ներազդելու լծակներ, քանի որ մասնակցելու է դատական իշխանության ձեւավորմանը. «Խորհրդարանը ստանձնում է դերակատարում մասնակցելու դատավորների նշանակմանը, նաեւ իրավունք է ստանձնում իր անդամներին նշանակել Բարձրագույն դատական խորհրդում»:

Փաստաբանը մտահոգ է` դատարաններն այժմ էլ կախման մեջ կհայտնվեն պատգամավորներից: Դրա հետեւանքով կունենանք խոցելի, թույլ դատական իշխանություն, որը ոչ թե կկարողանա իրականացնել արդարադատություն, այլ ստիպված կլինի կատարել ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանության պատվերները. «Այդ դեպքում բնականաբար կնվազի, եթե չասեմ՝ կվերանա, օբյեկտիվ արդարադատության գաղափարը: Եվ ստիպված կլինենք ասել` ունենք դե յուրե ոչ անկախ դատարան»:

Հաջորդ մտահոգությունը. գործող օրենքով դատարանների նախագահները նախագահում են ցմահ (մինչեւ 65 տարեկանը), մինչդեռ նոր նախագծով նրանց պաշտոնավարման ժամկետը սահմանվում է մինչեւ երեք տարի: Ի՞նչն է վտանգը: Խնդիրը երեք տարի ծառայող դատավորի մտածողության փոփոխությունն է, որն անգամ կարող է նպաստել կոռուպցիոն ռիսկերի մեծացմանը: Փաստորեն կարող ենք ունենալ այսպիսի իրավիճակ. ընդամենը երեք տարի ժամկետով ծառայող դատավորը կխուսափի իր հարաբերությունները վատացնել որեւէ մեկի հետ, ուղղակի աչք կփակի առկա խնդիրների առաջ` այդ կարճատեւ շրջանը փորձելով ծառայեցնել հիմնականում իր անձնական խնդիրների լուծմանը:

Բացի դրանից. «Նախագահող դատավորին չի կարող բավարարել իր պաշտոնավարման այդ կարճատեւ ժամկետը, որպեսզի նա արդյունավետորեն իրականացնի իր գործունեությունը»:

Հարություն Հարությունյանը համոզված է` սա կհանգեցնի անվերահսկելի վիճակի, քանի որ այդ կերպ. «Մենք վերացնում ենք դատական իշխանության կմախքը, հանվում է վերահսկողությունը, ունենում ենք ընդամենը 230 դատավոր: Սա նման է նրան, որ բանակում բոլորը լինեն շարքայիններ, չլինեն գեներալներ, գնդապետներ, հրամանատարներ: Սա չի կարող նպաստել դատարանի կամ դատավորի անկախությանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930