Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքի օրվա նախօրեին

Օգոստոս 31,2015 22:35

Արցախի Քաշաթաղի շրջանում գործում են 51 դպրոց: Դրանցից մի քանիսն այս ուստարում կաշխատեն նորոգված ու հիմնանորոգված շենքերում:  Դրանց թվում է  Վուրգավանի միջնակարգ դպրոցը, որը բացվել է 1997 թվականին: Գեղեցիկ ու ցանկապատված տարածքով, մարզական որոշակի հարմարություններով դպրոցը ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության նվերն է վուրգավանցիներին:

«Հայրենասեր»-ի  համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի և Ստեփան Սարգսյանի ջանքերով Սփյուռքի մեր հայրենակիցների ներդրումով իրականացավ կրթօջախի շենքի շինարարությունը, տարածքի բարեկարգումը: Շինարարները, աշխղեկ Արման Մեջլումյանի ղեկավարությամբ ժամանակին և որակով հանձնեցին կառույցը, և վաղը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցի 22 աշակերտները դասերն կսկսեն գեղեցիկ ու լուսավոր դասասենյակներում:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի և «Քաշաթաղի շրջանի պետական հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ այցելեցինք Վուրգավան՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Մեր այցի ժամանակ դպրոցականները արդեն նորոգված դահլիճում, դասվար Սառա Գրիգորյանի գլխավորությամբ, նախապատրաստվում էին դպրոցի բացման հանդեսին:

Զրուցում եմ դպրոցականների հետ: Ուրախ են երեխաները, որ նման դպրոց ունեն: Առաջին դասարան հաճախելու են 2 աշակերտ. Տիգրան և Դավիթ Խաչատրյանները: 2-րդ դասարանում կա 5 աշակերտ՝ Վարդուհի Բարսեղյան, Բագրատ Գագրեյան, Համլետ Գոգորյան, Սյուզի Խաչատրյան, Վարդան Ավետիսյան: Բոլորն էլ խոստացան, որ անցած տարի սիրով չէին գալիս դասի, իսկ այս տարի դասերից չեն բացակայելու և ավելի լավ են սովորելու: Սյուզին հաստատ որոշել է՝ լավ է սովորելու և դառնալու է բժշկուհի: 4-րդ դասարանցի Դավիթ Ավետիսյանը սիրում է շախմատ  խաղալ, այս պայմաններում ավելի լավ կպարապի և մարզական հաջողություններ կունենա:

Ավագ դասարաններում սովորում են 2 աշակերտ՝  11-րդ և 12-րդ համակարգ-դասարանում: Ստելլա Գրիգորյանը հումանիտար առարկաներն է լավ սովորում և ցանկանում է դառնալ հանրային կառավարիչ: Արուսյակ Բարսեղյանը սովորում է իններորդ դասարանում. սիրում է թարգմանչական գործը: Ուրախ է, որ արդեն կսովորի հարմարավետ դասարանում: Դպրոցի տնօրեն Մկրտիչ Փոթոյանը նույնպես հայտնեց շնորհակալություն «Հայրենասեր»-ին, շինարարներին, բարերարներին, որ վերջապես ազատվեցին փոշուց ու խոնավությունից, բայց կա գույքի, հիմնականում նստարանների խնդիր:

Տեղեկացրեց, որ այս ուստարում դպրոցը գործելու է 5 համակարգ-դասարանով: Մասնագետի կարիք չունեն:  Փորձից հետո երեխաները մաքրում էին եղած նստարաններն ու սեղանները և տեղափոխում էին դասարաններ, որ վաղը կարողանան տոնել Գիտելիքի օրը: Մարիամ և Սուսաննա Գագրեյան քույրերն ու Շահանե Գոգորյանը սիրով էին մասնակցում նստարանների՝ փոշուց մաքրելու աշխատանքին: «Մեր սիրուն դասասենյակներում նաև սիրուն ու մաքուր նստարաններ ու սեղաններ պետք է ունենանք», ասացին նրանք, իսկ դպրոցի մուտքի վերևում ուսուցիչները փակցնում էին «Բարի գալուստ» պաստառը:

DSCN9748 DSCN9800 DSCN9867

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31