Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովի հետ մի բան այն չէ, իսկ թե ինչ, կպարզեն մասնագետները». Երվանդ Վարոսյան

Օգոստոս 31,2015 21:50

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող ճանաչված փաստաբաններ Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի միջնորդությամբ ենթարկվելու է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության: Փաստաբանները եւս մասնակցելու են այդ փորձաքննությանը:

Aravot.am-ը փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց՝ մի՞թե արժանահավատ չեն թվացել Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում հրապարակված մի քանի փորձագիտական եզրակացությունները, որ Պերմյակովը հոգեկան խնդիրներ չունի, հոգեկան աֆեկտի տակ չի գտնվել, գիտակցական նորմալ վիճակում է եղել: Նշենք, որ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունից պարզ դարձավ, որ նա պարբերաբար դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննությունների է ենթարկվել:

Ի պատասխան մեր հարցի՝ Երվանդ Վարոսյանն ասաց. «Նախ, ընդհանուր առմամբ մինչև այսօր մեզ հայտնի քրեական գործի փաստերը եւ նաեւ ռուսական դատարանում Պերմյակովի վարքագիծը հիմք են տալիս պնդելու, որ նման փորձաքննության նշանակություն նշանակում է առավել, քան անհրաժեշտ է: Ակնհայտ էր, որ այդ անձի վարքագիծը առնվազն տարօրինակ է: Բացի այդ, ես նորից եմ ասում, ընդհանուր առմամբ գործով հայտնի տեղեկություններն այս պահի դրությամբ հիմք են տալիս ենթադրելու, որ մի բան այն չէ, իսկ ինչը այն չէ, դա արդեն մասնագետների խնդիրն է:

Այն, որ Վալերի Պերմյակովը մեղսունակ է եւ իր գործողություններին առնվազն հաշիվ տալիս է, դա փաստ է, ոչ մեկ դա կասկածի տակ չի դնում, բայց նրա ընդհանուր հոգեկան վիճակը՝ արդյո՞ք նա ունի որեւէ շեղումներ կամ հոգեկան հիվանդություններ անմեղսունակության հետ չկապված, այդ հարցի շուրջ ես կարծում եմ անհրաժեշտ է մասնագիտական կարծիք ունենալ»:

Պարոն Վարոսյանը մեզ ասաց, որ Վալերի Պերմյակովի՝ հայկական կողմին փոխանցված 9 հատորանոց քրեական գործից իրենք՝ փաստաբանները, արդեն իսկ ծանոթացել են հատորների մեջ առկա փորձագետի եզրակացություններին: Հարցին՝ ո՞ր եզրակացություններն են, որոնք չընթերցվեցին ռուսական դատարանում, փաստաբանն ասաց. «Ռուսական դատարանում չհնչեցվեցին սպանության հետ ուղղակի կապ ունեցող փորձագետի եզրակացությունները, դրանք գտնվում են 9 հատորներում, բայց այս պահի դրությամբ մենք իրավահաջորդի ներկայացուցիչներով պայմանավորվել ենք չհրապարակել մանրամասներ, որովհետեւ առանձնին ասուլիսով ենք դա ներկայացնելու»:

Մեր դիտարկմանը՝ խոսակցություններ են պտտվում, թե ռուսական կողմը ամեն ինչ անում է, որ Պերմյակովի սպանության գործով դատավարությունը եւս տեղի ռուսական 102-րդ ռազմաբազայում, ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ պատճառաբանելով, թե չեն կարող մինչեւ դատարան ապահովել Պերմյակովի անվտանգությունը, եթե այդ խոսակցությունները իրական լինեն, Ավետիսյանների փաստաբանները իրավունք ունե՞ն առարկություններ ներկայացնել, Երվանդ Վարոսյանն ասաց.

«Ակնհայտ է, որ դատական նիստը ռուսական ռազմաբազայում չի կարող ընթանալ նորմալ պայմաններում, այսինքն` դա արդյունավետ չի լինելու, դա ակնհայտ է, եթե լինի այնտեղ: Բայց նաեւ այն մասին, որ Պերմյակովը տեղափոխվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդհանրապես ոչ մեկ երբեք չի ասել: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմն է իրականացնելու դատավարությունը, բայց որտե՞ղ է իրականացնելու, այդ մասին էլ ոչինչ չի ասվել այս պահի դրությամբ: Ժամանակից շուտ ես զերծ կմնայի մեկնաբանելուց, գործը դեռ նախաքննության փուլում է, թող ավարտվի, ուղարկվի դատարան, նոր կտեսնենք, արդեն կորոշենք»:

Իսկ թե մոտավորապես ե՞րբ կսկսվի դատավարությունը, փաստաբանն ասաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենը օրեր առաջ է նշանակվել դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությունը, կանխատեսել անհնար է: Առնվազն այն ժամանակ նախաքննության ավարտման մասին խոսք կլինի, երբ որ այդ եզրակացությունը կստացվի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31