Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բա մարդ գա մի ամիս Հայաստանում ապրի ու դառնա պատգամավո՞ր». Խոսրով Հարությունյան

Օգոստոս 31,2015 20:55

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ տարածքային ամբողջականության հարցը հանրաքվեով լուծելու անհրաժեշտությունը չի տեսնում:

Հիշեցնենք, որ հանրաքվեով տարածքային ամբողջականության հարցի լուծումը ներառված է Սահմանադրության նոր նախագծում, ամրագրված է նախագծի 204 հոդվածով:

«Անհրաժեշտություն չեմ տեսնում, ոչ թե որ մտահոգված եմ՝ հանրաքվեի արդյունքում հայ ժողովուրդը կարող է որոշել իր տարածքային ամբողջականությունը զիջել որեւէ մեկին, այլ կարծում եմ՝ քանի որ Հայաստանը Սահմանադրությամբ հռչակվում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն եւ միջազգային հանրությանը հայտնի է իր սահմաններով, դրա համար հանրաքվեով տարածքային ամբողջականության գաղափարի ամրապնդման թեզի անհրաժեշտություն չեմ տեսնում»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, թե Սահմանադրության նախագիծը քննադատողները չեն մտաբերում Հայաստանում ազատ, արդար ընտրությունների անցկացման նախադեպ, պարոն Հարությունյանը շարունակեց. «Անկախ նրանից, թե մեր երկրում ընտրական ավանդույթներ ունենք, թե չունենք, այդ ավանդույթները լավն են, թե լավը չեն, այդ ընտրությունները տեղի են ունենում, իսկ հանրաքվեն այդպիսի մի գործընթաց է: Ընտրությունների միջոցով ենք ձեւավորում իշխանություններ, լավ, վատ թողնենք մի կողմ… եւ, ի վերջո, մենք ընդունել ենք երկու Սահմանադրություն նույն հանրաքվեով, ինչ վատ է»:

Պարոն Հարությունյանը անդրադարձավ նաեւ նախագծում տեղ գտած ԱԺ պատգամավորի ընտրության կարգն ամրագրող դրույթին՝ 47 հոդվածի 2–րդ մասին, որով ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք:

Հիշեցնենք, որ ըստ որոշ քննադատությունների, այդ հոդվածն անընդունելի է, քանի որ այդ սահմանափակումը չի հստակեցնում, թե ինչ է նշանակում մշտապես բնակություն եզրույթը և երկրորդ` այդ արգելքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի այն որոշմանը` համաձայն որի չի կարելի սահմանափակել մարդու ընտրելու և ընտրվելու իրավունքը ծննդավայրի կամ բնակության վայրի վերաբերյալ խտրական և չհիմնավորված պահանջներով:

Ըստ Խոսրով Հարությունյանի. «Երբ այսօրվա գործող Սահմանադրությամբ ամրագրում ենք, որ ՀՀ նախագահ, ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ինչու եվրոպական արժեհամակարգին հակասող բան չի դիտվում: Շատ հստակ է ամրագրված, որ Հայաստանի ԱԺ-ում կարող է ներկայացված լինել այն քաղաքացին, որը տեւական ժամանակ ապրել է Հայաստանում, որին հայտնի են հանրության հիմնական, սոցիալ-տնտեսական խնդիրները, որն ապրում է այդ խնդիրներով, հասցրել է ընկղմվել այդ խնդիրների մեջ: Ինչ մարդու իրավունքների սահմանափակման մասին կարող է  խոսք լինել, բա մարդ գա մի ամիս Հայաստանում ապրի ու դառնա պատգամավո՞ր, ԱԺ նախագա՞հ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31