«Մինասի գույներով» խորագրով միջոցառումն այս տարի կրկին Շիրակում համախմբել է երիտասարդ նկարիչներին: Արդեն չորրորդ անգամ անցկացվող երիտասարդ նկարիչների պլեներ միջազգային հավաքն այս անգամ ևս կազմակերպվել է Թորոսգյուղի «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում: Առաջին պլեներից սկսած` երիտասարդ նկարիչների հավաքը նվիրված է Մինասին:
Այս ընթացքում՝ օգոստոսի 2730-ը, երիտասարդ նկարիչները ստեղծագործում են Մինասի հողում՝ ոգեշնչվելով հենց Մինասի գույներով: Դա ունի խորհուրդ և դարձել է սկզբունք պլեների անցկացման համար: Պլեները մեկնարկեց շքերթով, ապա, ինչպես միշտ, հնչեցին պլեների հիմնը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի ողջույնի խոսքը:
Ի դեպ, պլեների բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայագրեր, իսկ ամենաակտիվները` պատվոգրեր: Կազմակերպվեց նաև այս ընթացքում երիտասարդ նկարիչների ստեղծած լավագույն նկարների ցուցադրություն, իսկ վերջում բոլորը միասին իրենց երևակայությանն արդյունքները հանձնեցին նույն կտավին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետարանի եւ «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության կողմից:
Պլեների շրջանակներում հանրապետության բոլոր մարզերից և արտերկրից ժամանած երիտասարդ նկարիչներն ակտիվ հանգիստը համատեղում են վարպետության դասերով և հետաքրքիր հանդիպումներով: Նախագծի նպատակն է ՀՀ եւ այլ երկրների երիտասարդ արվեստագետների միջև միջմշակութային համագործակցության հարթակ ստեղծելը՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության եւ տարածաշրջանում կայունության եւ ապահովման երաշխիք:
«Այս անգամ պլեները նվիրված է Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին և կրում է «Վերածնված Հայաստանի արվեստագետները» խորագիրը: Այս միջոցառումն իր հերթին նվիրված է նաև Մարտիրոս Սարյանի ծննդյան 135ամյակին և Մինաս Ավետիսյանի մահվան 40րդ տարելիցին: Պլեները համախմբել է 45 երիտասարդ արվեստագենտների՝ ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից և ՌԴ-ից:
Պլեների ձևաչափը նույնն է՝ էքսկուրսիաներ, ճանաչողական այցեր. փորձելու ենք ավելի շատ շեշտը դնել վարպետության դասերի վրա՝ հնարավորինս ավելի շատ փորձառու մասնագետներ ներգրավելով:
Երիտասարդները հնարավորություն կունենան այս ընթացքում նկարելու Շիրակի բնությունը, պատմական ու մշակութային հուշարձանները՝ շիրակյան գույներով», -նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հարությունյանը՝ հավելելով, որ տարեցտարի ավելանում է պլեներին մասնակցելու ցանկություն հայտնած նկարիչների թիվը:
Այս տարի ծրագրին մասնակցում է 1630 տարեկան 45 երիտասարդ նկարիչ՝ ՀՀ բոլոր մարզերից, քաղաքամայր Երևանից, Արցախից, Ջավախքից եւ ՌԴ-ից:
Շիրակի մարզպետարան