Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ օգոստոսի 28-ին Իջեւանի նախկին քաղաքապետ, սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 314 («Պաշտոնական կեղծիքը») հոդվածներով; Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունը: Քրեական գործը վերաբերում է Իջեւանի շախմատի տան առաջին հարկի տնօրինմանը: 1987թ. Իջեւանի քաղխորհրդի որոշմամբ այն հանձնվել է մի կոոպերատիվի՝ որպես սրճարան աշխատեցնելու համար:
Մեր տեղեկություններով՝ 2001թ., Վարուժան Ներսիսյանի քաղաքապետ աշխատելու ժամանակ , այն վերադարձվել է համայնքի հաշվեկշիռ եւ նախատեսվել որպես մանկական գրադարանի մասնաճյուղ: 2006թ. այն տրվել է Իջեւանի ավագանու նախկին անդամ, այժմ հանգուցյալ Գարիկ Սուքոյանի դստերը: Գ. Սուքոյանը Վարուժան Ներսիսյանի մտերիմներից էր: Իջեւանից ստացված տեղեկություններով՝ Վ. Ներսիսյանը իր հանդեպ քրեական գործի հարուցումը համարել է քաղաքական հաշվեհարդար:
Հավելենք, որ Վ. Ներսիսյանի հարազատ եղբայր, Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քննվող քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել խուզարկություն կատարել Իջեւանում գտնվող Հ. Ներսիսյանի բնակարանում, սակայն Հ. Ներսիսյանը եւ մի խումբ անձինք դրան խոչընդոտել են: Այդ կապակցությամբ 2015թ. հունիսին Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Գործի բազմակողմանի,լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը»): Հրաչյա Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածով 1-ին մասով(«Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը»):
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ