Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ օմբուդսմենի, ոչ թե օլիգարխներն են անպատժելի, այլ՝ քաղաքացիները պիտի պայքարեն մինչեւ վերջ. (Տեսանյութ)

Օգոստոս 31,2015 19:45

Կարեն Անդրեասյանը Ռուբեն Հայրապետյանի, Մհեր Սեդրակյանի հետ կապված ծեծի դեպքերի մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադառնալով ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի կողմից «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքին` ասաց. «Հայաստանում որոշ հարաբերություններ դուրս են դրված իրավական համակարգից եւ ավելի շատ հիշեցնում են քրեական ֆիլմեր»:

Թե ինչ կարծիք ունի ոստիկանության գործողությունների մասին, որը արագ չի արձագանքել, Անդրեասյանն ասաց. «Նման երեւույթները ստվերում են մեր ամբողջ հասարակության զարգացումը: Ծեծի ու բռնության դեպքերն ինչ-որ սկսել են վերջին շրջանում ավելի ցայտուն դառնալ: Ես հուսով եմ, որ դրանք կկասեցվեն պատշաճ ձեւով: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, մենք վարույթ էինք հարուցել և պատրաստվում էինք հենց այդ երեւույթին գնահատական տալ, բայց քանի որ մեր դիմումատուի ցանկությամբ իրավական գործընթացները դադարեցին, մեր դիմումը եւս կասեցված է ու դադարեցված: Հետեւաբար, գնահատական տալ ոստիկանության գործողություններին՝ չունենալով համապատասխան վարույթ, տրամաբանական չէ»:  Հիշեցնենք, որ այս ծեծկռտուքի մասնակից կողմերը  հաշտվել են:

Արդյոք այդ հաշտեցումը Ռուբեն Հայրապետյանի կողմից ճնշո՞ւմ չի եղել, մեր այս հարցին էլ Անդրեասյանն ասաց. «Մենք դրանով հետաքրքրվել ենք, եւ այս պահին արժանահավատ ենք գտել դիմումատուի («Էյր Արմենիայի «սեփականատեր Արսեն Ավետիսյանի) այն պնդումը, որ միգուցե իր այլ տեսակ շահերի պատճառով է եղել սա»:

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմնակիցների կողմից ակտիվիստ Վահան Մարիտիրոսյանին ծեծի ենթարկելու դեպքին, օմբուդսմենն ասաց, որ այդ գործով իրենց մոտ վարույթը շարունակվում է: Սպասում են նախաքննության վերջնական արդյունքներին, դրանից հետո կտան վերջնական գնահատական:

Հարցին, թե ի՞նչ է ստացվում, ցանկացած մարդու կարելի է առեւանգել ու ծեծել, իսկ իրավապահները չե՞ն արձագանքում, օմբուդսմենը պատասխանեց. «Եթե դուք որեւէ տեսակի բռնություն կիրառեք, ես խիստ կասկածում եմ, որ այդպես հանգիստ կկարողանաք անպատիժ մնաք: Ես ինքս գտնում եմ, որ չի կարելի որեւէ դեպքում խնդիրները լուծել ոտքերի ու ձեռքերի միջոցով»:

Ինչո՞ւ են Հայաստանում մեծահարուստները, օլիգարխները, որոնք կապեր ունեն քաղաքական էլիտայի հետ այդկերպ վարվում, Անդրեասյանն ասաց. «Կարծում եմ, որ մեծահարուստներն ու ուժեղ մարդիկ օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանում դեռևս կան քաղաքացիներ, ովքեր մինչեւ վերջ հետամուտ չեն լինում իրենց իրավունքների պաշտպանությանը»:

Դիտարկմանը՝ գուցե անպատժելի են զգում իրենց, օմբուդսմենն ասաց. «Եթե ամեն մի քաղաքացի,  եւ մենք տեսել ենք դրանց փայլուն օրինակներ՝ Զաքարյան եղբայրների գործով, որ մինչեւ վերջ հետամուտ են լինում իրենց իրավունքների պաշտպանությանը, իրավական գործընթացները Հայաստանում կատարվում են պատշաճ, եթե մարդիկ պայքարում են մինչեւ վերջ իրենց իրավունքների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31