Նոր սահմանադրության նախագիծը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին օրերս են տրամադրել, դրա մասին իրենց եզրակացությունը առաջիկա օրերին կներկայացնի: Այսօր այս մասին Անդրեասյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության նիստից հետո:
Ըստ Անդրեասյանի. «Առաջիկա օրերին մենք կավարտենք նախագծի ուսումնասիրությունն ու կտանք հստակ մասնագիտական եզրակացություն հատկապես այն գլուխների եւ հոդվածների վերաբերյալ, որոնք առնչվում են իրավունքներին: Դրա մեջ կլինեն թե դրական, թե բացասական այն երեւույթները կամ փոփոխությունները, որոնք մենք կտեսնենք կամ կարձանագրենք»:
Այն հարցին՝ գործող Սահմանադրության համեմատ նոր նախագծում մարդու իրավունքների առումով սահմանափակումները շա՞տ են, օմբուդսմենն ասաց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտա այդ կոնկրետ հարցերի պատասխանը, թե ինչն են համարում հետընթաց, ինչը՝ առաջընթաց:
Ըստ Կարեն Անդրեասյանի, եթե անգամ մարդու իրավունքների պաշտպանության առումով հետընթաց արձանագրի նախագծում, միեւնույն է չի բողոքի. «Ես անելիք չունեմ: Ասեմ, որ ես չեմ միանալու ոչ «ոչ»-ի, ոչ էլ «այո»-ի ճամբարին, որովհետեւ իմ խնդիրը քաղաքական գործընթացներից դուրս լինելն է այնքանով, որպեսզի ինստիտուտն անհարկի չքաղաքականացվի»:
Կարդացեք նաև
Օմբուդսմենի խոսքերով՝ իրենք բոլոր քաղաքացիներին ներկայացնելու են իրենց մասնագիտական խորհրդատվությունը՝ ինչն է դրական նախագծում, ինչը՝ բացասական՝ առանց ավելորդ մեկնաբանությունների, որից հետո էլ հասարակությունը պետք է որոշի՝ այո քվեարկի, թե՝ ոչ, եթե այն դրվի հանրաքվեի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ