Ինչպես տեղեկացրել ենք, գյումրեցի վարորդները բողոք էին հղել Aravot.am-ին՝ նշելով, որ Գյումրու Տերյան փողոցից հանել են արագաչափը՝ այն տեղափոխելով Վազգեն Սարգսյան փողոց:
Վարորդներն անհանգստացած էին, քանի որ Տերյան փողոցը քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է: Ըստ նրանց, նախքան արագաչափի տեղադրումը` միշտ ավտովթարներ էին լինում այնտեղ, մահաբեր փողոց էր համարվում: Իսկ արագաչափի տեղադրումից հետո՝ մոտ 1,5 տարի մեքենաները շատ զգույշ էին վարում՝ հստակ պահպանելով սահմանված 60 կիլոմետր/ժամ արագությունը:
Aravot.am-ի արձագանքից հետո ճանապարհային ոստիկանությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ խոստանալով Տերյան փողոցում նորից տեղադրել արագաչափ:
Կարդացեք նաև
Մեր ֆոտոխցիկն այսօր արձանագրեց, որ Տերյան փողոցում արագաչափն արդեն տեղադրված է, ոստիկանությունը եղել է իր խոսքի տերը:
Այժմ էլ վարորդները մեկ այլ բողոքով են դիմում մեր խմբագրություն, նրանք ուզում են, որ ճանապարհային ոստիկանությունը վերադարձնի Մայիսյան ու Քեթի գյուղերում տեղադրված արագաչափերը, քանի որ այդ հատվածներով է անցնում Գյումրի –Բավրա-Վրաստան միջպետական ճանապարհը:
Նշենք, որ այդ գյուղերից արագաչափերը հանվել ու տեղադրվել էին Գյումրիի Շիրակացի փողոցում ու Ղարիբջանյան գյուղում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ