Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան. Արդյոք Կիմ Բալայանն ի պաշտոնե իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու

Օգոստոս 31,2015 17:31

Արդեն տեղեկացրել ենք, որ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն այսօր հայտարարեց,  թե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չի կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը, քանի որ «ըստ նախագահի հրամանագրի` պիտի ներկայացվեր բարեփոխումների նախագիծ, բայց ներկայացվել է Սահմանադրության նոր տեքստ»:

Aravot.am-ը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանից հետաքրքրվեց` հանձնաժողովի աշխատանքներում ընթացքում ինչ-որ բա՞ն է փոխվել, որ ներկայացվել է ոչ թե փոփոխությունների նախագիծ, այլ նոր սահմանադրության տեքստ, պարոն Ղազինյանը նախ հարց բարձրացրեց՝ արդյոք Կիմ Բալայանն ի պաշտոնե իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու, այնուհետև չցանկացավ մեկնաբանել նրա հայտարարությունները:

Հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ասաց. «Բացարձակ ոչինչ չի փոխվել, մենք ունեցել ենք ազատ մոտեցում գործող սահմանադրության ցանկացած այն հարցերի ու դրույթների հետո կապված, որոնք մեր կարծիքով` ունեին փոփոխությունների և բարելավման անհրաժեշտություն: Արդյունքում ստացվել է այն, ինչ տեսնում եք: Այսինքն` նոր սահմանադրություն, փոփոխություններ, քանի տոկոս փոխվի, նման դիրքորոշում ոչ հրապարակային հրամանագրում, ոչ էլ գաղտնի չի եղել: Իսկ թե սա նոր սահմանադրություն է, բարեփոխված է, այսքան տոկոսով է փոխված, այդ մասին մարդիկ իրավունք ունեն կարծիք հայտնելու, դա ինչպես ասում են, ճաշակի հարց է»:

Պարոն Ղազինյանը ևս մեկ անգամ շեշտեց, թե իրենց գործունեության շրջանակը լայն է եղել, կարող էին անդրադառնալ այն դրույթներին, որտեղ անհրաժեշտություն զգացվում էր:

Հարցին` Սերժ Սարգսյանն իրենց իր հրամանագիրը չկատարելու հետ կապված ակնարկներ արե՞լ է, պարոն Ղազինյանը պատասխանեց. «Եթե նման բան լիներ, լսած կլինեիք, որ ինչ-որ պատասխանատու մեկն ասել է, թե ուզում էինք սա, ստացվել է սա: Նման խոսակցություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է Կիմ Բալայանի կարծիքին, ապա դա դիտում եմ որպես մասնավոր կարծիք, հնարավոր է այլ գործիչներ այլ մոտեցում դրսևորեն, դա իրենց խնդիրն է»:

Գագիկ Ղազինյանը պատմեց, որ երբ իրեն ընդգրկում էին նշված հանձնաժողովում, անձամբ հետաքրքրվել է, թե ինչ շրջանակում պիտի գործեն, իրենց ասել են, որ ազատ են, գործող Սահմանադրության մեջ որտեղ գտնում են, որ կա բարեփոխումների կարիք, կարող են փոփոխություններ անել:

Մեր այն հարցին` Սերժ Սարգսյանի կողմից միջամտություն եղե՞լ է իրենց աշխատանքներին, պարոն Ղազինյանը պատասխանեց. «Ամբողջական կազմով երկու-երեք հանդիպում է եղել, որոնք լուսաբանվել են: Գաղտնի հանդիպումներ չեն եղել, ես չեմ մասնակցել: Խորհրդատվություններ և այլն տեղյակ չեմ, բայց այդ հանդիպումների ժամանակ ընդամենը մոտեցումներն են ներկայացվել և արվել մեկնաբանություններ: Վերջին հաշվով պատվիրատուն ով է այս բարեփոխումների, նախագահը, այդ իմաստով ասում են` պատվիրատուն ինքն էլ պիտի համաձայնություն տար, որ գործընթացը շարունակվեր, տրամաբանական էր ուրեմն, որ նա պիտի տեղյակ լիներ` ինչ է կատարվում, որ հայեցակարգին ասեր` այո, կամ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31