Այսօր, օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջեւ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։
Հանդիպումը նախաձեռնել էր դեսպանը` ՀՀ կուսակցությունների ղեկավարների հետ ծանոթացման հանդիպումների շրջանակներում։
Հրանտ Մարգարյանը ամփոփ ներկայացրեց Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային կառույցն ու գործունեությունը, գնահատելով Արգենտինայի դրական կեցվածքը հայ ժողովրդի հարցերի նկատմամբ: Նաեւ շեշտեց հայ-արգենտինական հարաբերությունները առավել խորացնելու հնարավորություններն ու կարեւորությունը։
Աղվան Վարդանյանն իր հերթին ներկայացրեց ՀՀ-ի քաղաքական օրակարգի այսօրվա գլխավոր հարցի՝ սահմանադրական բարեփոխումների մասին ՀՅԴ տեսակետը, շեշտելով, որ ՀՅ Դաշնակցությունը այդ կեցվածքն է ունեցել դեռեւս 25 տարի առաջ։
Իր խոսքում պարոն դեսպանը գնահատեց Արգենտինայի հայ համայնքի դերը հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման գործում. կարեւորեց կուսակցությունների եւ խորհրդարանական խմբակցությունների դերը՝ միջպետական հարաբերությունների զարգացման մեջ և ընդգծեց, որ Արգենտինան ընդհանրապես փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել իր արտաքին հարաբերություններում եւ կարեւորում է սկզբունքային մոտեցումները։
Հանդիպումն ավարտվեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան եւ ՀՅԴ կառույցների միջեւ կապերը շարունակելու պայմանավորվածությամբ։
Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը եւ Արգենտինայի դեսպանությունից նախարար Ադրիանա Տրոտտան։
ՀՅԴ Բյուրո