«Մասնագիտական հանձնաժողովի հետ չենք հանդիպել, հանդիպել եք միայն Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ: Երկու անդամը դեռ հանձնաժողով չեն»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն այսպիսի ճշտում արեց, երբ հետաքրքրվեցինք, թե օգոստոսի 31-ին ինչ են քննարկել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը:
Նա ասաց, որ իրենց մտահոգություններն են ներկայացրել, այն խնդիրները, որոնք տեսնում են, կասկածները:
Մեր հարցին՝ «Ժառանգությունը» չգնաց նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը՝ ասելով, որ նախկինում իր ներկայացրած առաջարկները ոչ մի արձագանք չեն ստացել, էլ ինչի՞ շուրջ բանակցենք ու երկխոսենք, այս դեպքում հանձնաժողովի անդամների հետ հանդիպումն ի՞նչ է տալու այդ առումով եւ ի՞նչ իմաստ ունի՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Եկեք հետեւյալ մոտեցման գանք: Սերժ Սարգսյանի հրավերը եղել է կուսակցությունների ղեկավարներին, նրանք քննարկել են եւ իրենց որոշումը կայացրել են: Սա խմբակցություն է, որը ԱԺ մարմին է: ԱԺ եկել է օրենքի նախագիծ կամ փաստաթուղթ: Ցանկացած փաստաթղթի եւ օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցությունը պետք է իր վերաբերմունքն արտահայտի: Այս իմաստով սա աշխատանքային հանդիպում է: Սա նաեւ ԱԺ պատգամավորի կատարելիք աշխատանքն է, մենք մեր աշխատանքն ենք կատարել եւ հանդիպել ենք, ի՞նչ կապ ունի ինչ-որ մեկը մյուսին հրավեր ուղարկել-չուղարկելու հետ: ԱԺ-ի ցանկացած փաստաթուղթ, որ քննարկվում է, պետք է դիրքորոշում հայտնել, քննարկել, դրա համար են նաեւ մեզ վարձատրում, չէ՞»:
Թե կոնկրետ որ հոդվածների շուրջ են մտահոգություն հայտնել «Ժառանգություն» խմբակցության անդամները՝ Թեւան Պողոսյանն ասաց, որ հոդված առ հոդված քննարկում չի եղել, ընդհանուր մտահոգություններ են հայտնել. «Եվ վերարտադրության,կայուն մեծամասնության…ընդհանուր իմաստով քննարկում է եղել, կոնկրետ ձեւակերպման կամ բառակապակցությունների հարցեր չեն քննարկվել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ բացատրությունները հանձնաժողովի անդամների Ձեզ ինչքանո՞վ գոհացրեցին՝ նա պատասխանեց. «Հարց է եղել, որ գոհացրել են, հարց է եղել՝ ոչ այնքան: Աշխատանքային քննարկում էր, դա չի եղել մի հանդիպում, որը պետք է միտված լիներ լուծումներ գտնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ