«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի կարծիքով` քաղաքական ուժերի ճաշակի հարց է` հանդիպե՞լ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական փոփոխությունները, թե` ոչ:
Aravot.am-ի դիտարկմանը՝ քաղաքական շատ ուժեր, որոնք դեմ էին արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, գնացել ու սեղմել են Սերժ Սարգսյանի ձեռքը, արդյոք սա ընդունելի՞ մոտեցում է և չի՞ վարկաբեկում այդ ուժերին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Եթե իմանայի` ինչ օրակարգով ու ինչ հարցերի շուրջ են այդ քննարկումները գնում, կամ արդյոք իշխանականները հաշվի առնում են նրանց արած առաջարկությունները, միգուցե կարողանայի այդ հարցի պատասխանը տալ: Մյուս կողմից` քաղաքական ուժերից ամեն մեկն իր ճաշակն ունի այդ խնդրի վերաբերյալ: Ես նման ծայրահեղ մոտեցում չունեմ, որ ով գնաց հանդիպման, նրան քննադատենք: Առավել ևս` Սերժ Սարգսյանն ի սկզբանե հայտարարել է, որ խորհրդարանական համակարգն այդքան էլ իր սրտով չէ: Ու եթե այդ ուժերն ինչ-որ բան ունեն նրան ասելու ու բացատրելու, գուցե գնալն արդարացված է, գնան, մեկ անգամ ևս բարձրաձայնեն իրենց մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ»:
Մեր այն հիշեցմանը` Սերժ Սարգսյանի հետ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձեռքսեղմումն իրենց կուսակիցներին այնքան է զայրացրել, որ նրանք դուրս են եկել կուսակցությունից, պարոն Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Եթե սկզբնական շրջանում վճռական գնահատականներ են հնչեցնում, հետո գնում են մտքափոխ լինում, կամ 180 աստիճանով իրենց կարծիքը մի քանի րոպեում փոխում, իհարկե այդ դեպքում առանձին մարդիկ կարող են իրենց բողոքի ձայնը բարձրացնել և չհամաձայնել: Բայց կարող ես և գնալ, հանդիպել, քո հակափաստարկները բերել ու հետո հայտարարություն անել, թե մենք ընդհանուր հայտարարի չեկանք»:
Հարցին Սերժ Սարգսյանի նպատակը լսել ու հաշվի առնե՞լն է քաղաքական մյուս ուժերի տեսակետները, թե՞ իրեն ապահովագրելու համար է նման հանդիպումներ կազմակերպում, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ինչ կարգի գնահատական ուզում ես, կարող ես տալ: Ինչի՞ց պիտի Սերժ Սարգսյանն իրեն ապահովագրի կամ ոչ: Վերջին հաշվով իշխանությունները կարող են այն գնահատականը տալ, որ հասարակական-քաղաքական շրջանակների հետ նրանց նկատմամբ որոշակի հարգանք կա, կամ մեկ ուրիշը այլ կերպ կարող է մեկնաբանել: Անկեղծ ասած` հանդիպումների վերաբերյալ գնահատականս նորմալ է, բայց ընդհանրապես այդ Սահմանադրության վերաբերյալ այս կարգի արագ լուծում տալն ինձ համար հասկանալի չէ, ինչքան ուզում եմ հասկանալ, չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչ է մեզ տալու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ