Այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում պայթյուն է եղել։ Այս տեղեկությունը, հղում կատարելով ուկրաինական «112.Ուկրաինա» հեռուստաընկերությանը, հաղորդել է «Ria»-ն։
Հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունի արդյունքում 15 իրավապահներ են տուժել։ Նրանցից 5-7 հոգին ծանր վիրավոր են, դեպքի վայր են ժամանում շտապօգնության մեքենաները, այնտեղ է գտնվում նաեւ Կիեւի ոստիկանության պետ Ալեքսանդր Տերեշչուկը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ բախումների ընթացքում մարտական նռնակ է պայթել. «Հենց նոր Գերագույն Ռադան հսկող զինծառայողների մոտ մարտական նռնակ է նետվել։ Ազգային գվարդիայի մի քանի զինծառայողներ ծանր վիրավորվել են։ Նրանց կյանքը վտանգի տակ է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գերաշչենկոն։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկով՝ այդ երկրի խորհրդարանը այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այս փոփոխությունները նախատեսված էին Մինսկի պայմանավորվածություններով։ Այդ պատճառով նախագծում առկա են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տեղական կառավարման յուրահատությունների մասին դրույթներ, իսկ այդ նահանգների կառավարումը սահմանվում է առանձին օրենքով:
Կարդացեք նաև
Ուկրաինայի Գերագույն Ռադան, չնայած նրան, որ ընդդիմադիր կուսակցություններից պատգամավորները փորձել են արգելափակել տրիբունաները, իսկ շենքի դիմաց հարյուրավոր մարդիկ ցույց են արել, առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ