Օգոստոսի 29-ին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց «Մշակութային վերածնունդ» համահայկական փառատոնը: Արդեն ավանդական դարձող այս փառատոնը առանձնակի էր իր ընդգրկվածությամբ. մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերը, Արցախն ու Սփյուռքը: Փառատոնին ներկայացված էին հայկական գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ, կազմակերպվել էր նաև ցուցահանդես-վաճառք, որը նպաստեց շահագրգիռ կողմերի փոխշփումներին ու փորձի փոխանակմանը: Փառատոնը բացառիկ էր ոչ միայն ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ, վարպետության դասերով, բազմաբովանդակ տաղավարներով, այլ նաև ազգային նվագարանների, երգարվեստի, պարարվեստի, անհատ կատարողների և ճանաչված համույթների մասնակցությամբ ուղեկցվող համերգային ծրագրով:
Միջոցառմանն առանձնակի ձև ու բովանդակություն հաղորդեց դեֆիլեն՝ ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, արդուզարդի ցուցադրությունը: Տավուշի մարզը հաղթող ճանաչվեց «Ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար» և «Դեկորատիվ-կիրառական արվեստը լավագույնս ներկայացնելու համար» անվանակարգերում:
Տավուշի մարզպետարան