Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու

Օգոստոս 31,2015 15:44

«Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրվել 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուի խմբաքանակը։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Մասիսում գտնվող պահեստ և անձամբ հետևել աշնանացան ցորենի սերմացուի բեռնաթափման և բաշխման գործընթացին:

Ներկրված սերմացուն հատկացվելու է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ցորենի սերմնաբուծությամբ զբաղվող այն ֆերմերներին, որոնք նախկինում ընդգրկված են եղել նշված ծրագրում և ունեն յոթ և ավելի հեկտար ջրովի վարելահողեր: Ներկրված սերմացուից ակնկալվում է ստանալ մեկ հեկտարից նվազագույնը 50 ցենտներ ցորենի բերք: Սերմացուի մի մասը կտրամադրվի «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ին:

Սերմացուն տրամադրվել է շահառուներին 2015 թվականի աշնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու, ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով:

1

«Ծրագրի շնորհիվ վերջին հինգ տարիներին սերմնաբուծության ոլորտում մեզ հաջողվել է հասնել բարձր արդյունքների. միայն այս տարի հացահատիկային մշակաբույսերի շուրջ 11 հազար հեկտար լրացուցիչ ավել ցանք է իրականացվել: Ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարի հաշվով 2014 թվականին ավելացել է 83 տոկոսով, իսկ 2015 թվականին բերքի համախառն արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով հացահատիկի բերքահավաքի աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ դրանք կավարտվեն 10 օրվա ընթացքում, ակնկալվում է, որ այս տարի կգերազանցվեն վերոգրյալ ցուցանիշները։

Նախարարը հավելել է, որ ընթացիկ տարում աշնանացան ցորենի պահանջարկը մարզերի կողմից կազմում է 3 875 տոննա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը զեկուցել է նախարարին, որ ծրագրով նախատեսված է հանրապետություն ներկրել 1509 տոննա առաջին վերարտադրության և 40 տոննա սուպերէլիտար սերմեր, որից օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ներմուծվել է 1300 տոննա առաջին վերարտադրության և 40 տոննա սուպերէլիտար սերմեր: Մնացած խմբաքանակը հանրապետություն կժամանի մինչև սեպտեմբերի 8-ը:

Ֆերմեր Վռամ Գյուլզադյանը, ով արդեն 4 տարի է, ինչ ծրագրի շահառուներից է, հաջողված է համարում այս ծրագիրը և նշում է, որ ձեռքբերված էլիտային սերմացուից հեկտարից միջինը 7 տոննա բերք է ստացել։

Սերմացուն հատկացվում է գյուղացիական տնտեսություններին հաջորդ տարի բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ աշնանացան ցորենի էլիտա սերմացուի վերադարձի պայմանով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31