Փաստաբան Հայկ Ալումյանի համոզմամբ, նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները սահմանափակվում են:
«Քաղաքական հարցերի մասին է խոսվում, ինչու մեծամասնական, ինչու համամասնական, ինչու պետք է ընտրությունների երկրորդ փուլ լինի, բայց չեն խոսում կարեւոր խնդիրների մասին, որոնք առաջ են բերվում նոր Սահմանադրությամբ: Առայժմ գործող Սահմանադրությամբ ապրում ենք այն իրականության մեջ, որ անձին իր սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը, եթե անձն իր կամքով չի օտարում իր սեփականությունը: Իսկ առաջարկվող Սահմանադրության նախագծով անձը կարող է զրկվել իր սեփականությունից առանց դատական որոշման, պարզապես հետագայում դատական գործընթացով հնարավորություն ունի վիճարկել իր սեփականությունից զրկելը, փորձել հետ ստանալ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանը նկատեց, որ առաջարկվող նախագծով ոչ թե սահմանադրական փոփոխություններ են առաջարկվում, այլ լրիվ նոր Սահմանադրություն. «Մանիպուլյացիա արվեց ու անվանվեց փոփոխությունների նախագիծ: Սա նոր Սահմանադրություն է, բայց եթե իրենք դա խոստովանեին, պետք է ուժը կորցրած ճանաչեին 1995 թվականի Սահմանադրությունը, հակառակ դեպքում հակասություններ կառաջանային»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ արձանագրել է, որ նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորություններ չի վերցնում մարդու մի շարք իրավունքների ապահովման համար. «Պետությունը չի ճանաչում մարդու աշխատանքի իրավունք, պարտավորություն չի վերցնում այդ իրավունքն ապահովելու: Նույնը կարելի է ասել նաեւ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, սոցիալտնտեսական իրավունքների ապահովման մասին: Այս նախագծով կանայք ու տղամարդիկ հավասար չեն, խնդիրներ կան եւ մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքի հարցում… այս նախագծում մարդու իրավունքների կարգավորումները անորոշ են, սահմանափակումներն ավելի կոշտ են ու տարածական»:
Կարդացեք նաև
Պարոն Ալումյանն էլ Սահմանադրությունը հաճախակի փոխելու տրամաբանությունը չի տեսնում. «Որոշ մարդիկ պետք է հասկանան, որ Սահմանադրությունը ՍՊ-ի կանոնադրություն չէ, որ մի քանի տարին մեկ փոխեն… Զարմանալի է, բայց որոշ փոփոխություններ արել են արագաչափերի համար: Չի կարող երկրի Սահմանադրությունը փոխվել արագաչափերը տնօրինող ՍՊ-ի շահերից ելնելով»:
Արթուր Սաքունցն էլ շարունակեց, որ չի կարող վստահել հանրաքվեին, նույնիսկ եթե ամբողջ փաստաթուղթը իդեալական լինի.«Մի պայմաններում, երբ արդար ու ազատ ընտրությունների ոչ մի նախադեպ չունենք: Ինձ հիմք չեն տվել ենթադրելու, որ հանրաքվեն պետք է լինի ազատ ու արդար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ